Ախալքալաքի քաղաքապետարանում 4 ամիս է, ինչ ներդրվել է քաղաքաշինության, ճարտարապետական և շինարարական վերահսկողության «միասնական պատուհան» սկզբունքը՝ շինարարական փաստաթղթերի համակարգման պորտալ: Քաղաքապետարանը այն գնահատում է որպես գործընթացի պարզեցում և հարմարավետություն թե քաղաքացու, թե քաղաքապետարանի համար, իսկ շինթույլտվության կարիք ունեցողները՝ որպես բարդացում և թանկացում:
2026 թ.-ի փետրվարի 1-ից Ախալքալաքի մունիցիպալիտետում շինարարություն սկսելու դեպքում քաղաքացին պետք է թույլտվություն ստանա առցանց՝ ms.gov.ge հարթակում: Շինարարության թույլտվության դիմումին զուգահեռ առցանց պետք է ներկայացվի շենքի նախագիծը, ինչպես նաև մյուս անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որոնք կարող են լինել անհրաժեշտ փորձաքննությունների անցկացման փաստաթղթերը և այլն։
Ախալքալաքի քաղաքապետարանի ճարտարապետության բաժնի ղեկավար Կարինե Բաթոյանի խոսքերով «միասնական պատուհան» սկզբունքը Վրաստանի այլ մունիցիպալիտետներում ավելի շուտ են ներդրել, իսկ Ախալքալաքի մունիցիպալիտետում ուժի մեջ է մտել այս տարի փետրվարի 1-ից։
«Սա բաց պոռտալ է, որտեղ բոլորը կարող են գրանցվել։ Նպատակը այն է, որ երբ քաղաքացին ուզում է ինչ որ շենք կառուցել, նա շատ հեշտությամբ կարող է ինֆորմացիա ստանալ հենց այդ համակարգից, թե ինչ փաստաթղթեր են իրեն անհրաժեշտ շինարարությունը սկսելու թույլտվություն ստանալու համար դիմում լրացնելիս, իսկ դիմումը կարող է լրացնել հենց տնից։ Դիմումի պատասխանը նույնպես կստանա SMS տարբերակով։ Առանձնահատկությունն այն է, որ բոլոր փաստաթղթերը թվայնացվում են և պահպանվում են: Եվ եթե հետագայում ինչ-որ ինֆորմացիայի անհրաժեշտություն լինի տվյալ հողատարածքի կամ շինարարության մասին, այն հասանելի կլինի օնլայն հարթակում»։
Նրա խոսքերով, սկզբնական շրջանում նոր համակարգը կարող է մի փոքր բարդ թվալ, սակայն այն ավելի է հեշտացնում գործընթացները:
«Գուցե այս պահին որոշակի խուճապ կա մարդկանց շրջանակում, քանի որ նոր է և փոքր ինչ անհասկանալի է թվում, սակայն ժամանակի ընթացքում հասկանալի կդառնա, որ սա ոչ թե խնդիրներ է առաջացնում, այլ գործընթացի դյուրացում»։
Այն հարցին, թե դժվարացնում է արդյոք այս համակարգը քաղաքացիների համար շինթույլտվության գործընթացը, Կարինե Բաթոյանը պատասխանեց:
«Երևի հիմնական դժվարությունը պոռտալից օգտվելն էր, որտեղ պետք է գրանցվել և փաստաթղթերի հետ կապված իրենց անհրաժեշտ ինֆորմացիաներ ստանալ։ Սրա հիմնական պատճառն էլ, երևի թե, լեզվի խնդիրն է, սակայն մենք փորձել ենք բոլորին օգնել, նույնիսկ չատեր եմ բացել և պատասխանել եմ բոլորի հարցերին»։
Իսկ այն հարցին, թե բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ձեռք բերման համար ծախսերի աճը ինչպես է ընդունվել քաղաքացիների կողմից և արդյոք նրանք պատրաստ են վճարել բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների անցկացման համար, տիկին Կարինեն պատասխանեց, որ սրանք անհրաժեշտ գործողություններ են, որոնք պետք է անպայման կատարվեն։
«Այո, ծախսերը որոշակիորեն շատացել են, սակայն մենք պետք է հասկանանք, որ ծախսերը կախված են շինարարության կարգից՝ այսինքն ամեն ինչ կախված է շենքի մեծությունից և տեսակից»։
Ըստ Կարինե Բաթոյանի, այս փոփոխությունների ֆոնին շինարարության թույլտվություն ստանալու համար դիմումների քանակի քչացման տենդենց չի նկատվում, դժվար է եղել առաջին մեկ ամիսը, ներկայումս ամեն ինչ ընթանում է բնականոն հունով։
Մեր ունեցած տեղեկության համաձայն, Ախալքալաքի բնակիչները այս համակարգը բավականին դժվար ընդունեցին, եղել են նույնիսկ մարդիկ, ովքեր հետաձգել են շինարարություն սկսելու մտահղացումը, իմանալով թե ինչ գործընթացներ պետք է անցնեն դիմում ներկայացնելու համար: Ոլորտում աշխատող մասնագետները մտահոգություն են հայտնում, որ քաղաքացիները դժվարություններից խուսափելու համար կարող են անօրինական շինություններ անել:
«Ծախսերը շատացել են և մարդիկ դեռևս պատրաստ չեն շենքի նախագծման և թույլտվություն ստանալու համար գումարներ ծախսել՝ հիմնավորելով, որ այդ գումարը կներդնեն շենքի կառուցման համար պահանջվող ծախսերի մեջ։ Իհարկե սա մտածելակերպի հետ է կապված, սակայն ժամանակի ընթացքում սովորական կդառնա», — նշեց նա։
Ավելացած ծախսերը դժվար է գնահատել, քանի որ տարբեր պահանջներ կան տարբեր կարգի շենք կառուցելու համար։
«Ծախսերը կախված են շենքի մեծությունից, այսինքն շենքի նախագծի, փորձաքննությունների արժեքը կախված է այն բանից, թե քանի քառակուսի մետր կլինի նախատեսվող շենքը», — նշեց ոլորտի մասնագետը։



