նորություններ 1 Մայիսի, 2026 • Ախալքալաքի Սակրեբուլոյում քննարկվեցին ֆերմերների խնդիրները

Երեկ՝ ապրիլի 30-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի ունեցավ բյուրոյի հերթական նիստը և ընդհանուր նիստը: Օրակարգում երեք հարց էր, որոնք բոլորն էլ հաստատվեցին պատգամավորների կողմից: Բացի այդ, նիստերում քննարկվեցին աղբահանության, բիլլինգի համակարգի ներդրման և ֆերմերներին աջակցության հարցերը:

2026 թվականի բյուջեի փոփոխությունները

Բյուջեի փոփոխությունները ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը: Նա նաև պատասխանեց պատգամավորների հարցերին:

Փոփոխությունների համաձայն՝

  • 12,000 լարի հատկացվեց քաղաքապետարանի և սակրեբուլոյի համար Վրաստանի քարտեզի տեսքով ժամացույցներ գնելուն, ինչպես նաև Ախալքալաքի բերդի տարածքում տեղադրված պետական դրոշի վերականգնման համար։
  •  27,900 լարի հատկացվեց նոր աղբատար մեքենայի սպասարկող անձնակազմի աշխատավարձերի համար (վարորդ և երկու բանվոր)։
  • 60,000 լարի հատկացվեց զբոսայգիների, մարզադաշտերի և այլ մունիցիպալ օբյեկտների գույքի վերանորոգման համար։
  •  8,000 լարի հատկացվեց Կարզախ գյուղի համար պոմպեր գնելուն։
  •  Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով ծառայության, ինչպես նաև տարբեր միջոցառումների տրանսպորտային ծախսերը հոգալու համար հայտարարվող մրցույթի գումարն ավելացվեց ևս 15,000 լարիով։

2025 թվականի ծրագրային բյուջեի կատարման հաշվետվությունը

Այս հարցը ևս ներկայացրեց Կարեն Մերգելյանը: Կատարված աշխատանքների համառոտ ներկայացումից հետո, պատգամավորները ծրագրային բյուջեի կատարումը գնահատեցին դրական:

Կարեն Մերգելյանի խոսքով, հաշվետվությունը մանրամասն զետեղված է Ախալքալաքի մունիցիպալիտետի պաշտոնական կայքում:

Մունիցիպալ տարածքների փոխանցումը վարձակալության

Երրորդ հարցը վերաբերում էր այն մունիցիպալ տարածքի վարձակալությանը, որտեղ գործում է «Yammi» սրճարանը:

Խոսքը վերաբերում է 18 քառակուսի մետր տարածքին: Նախնական քննարկվեց վարձակալության հինգ տարվա ժամկետը՝ 151.1 լարի ամսական վարձավճարով:

Բյուրոյի նիստում բարձրացված հարցերը

Բյուրոյի նիստում, որին մասնակցում էր Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը, քննարկվեց իրավաբանական անձանց կողմից աղբահանության ծառայությունների վճարման, գյուղական համայնքներից վճարների գանձման և բիլլինգի համակարգի ներդրման հետ կապված հարցեր։

Սակրեբուլոյի փոխնախագահ Արմեն Մառանգոզյանը նշեց այս համակարգը հնարավորինս շուտ ներդնելու մեխանիզմը գտնելու անհրաժեշտությունը։ Նա նշեց, որ բնակիչներից միջոցների արդյունավետ հավաքագրման դեպքում մունիցիպալիտետը հնարավորություն կունենա ձեռք բերել նոր աղբատար մեքենաներ։

Պատգամավոր Գիորգի Պետրոսյանը հետաքրքրվեց մունիցիպալիտետում մարզական օր նշելու իր առաջարկի արդյունքներով, նաև բարձրաձայնեց քաղաքի հարավային մասում գտնվող Աղմաշենեբելի փողոցի 38/26 հասցեի բնակիչների մայթեզր կառուցելու խնդրանքը։

Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը նշեց, որ իշխանությունները տեղյակ են այս խնդրին և փնտրում են լուծման ուղիներ։

Կարտոֆիլի իրացման խնդիրները

Ընդհանուր նիստում Ազավրեթի տարածքային միավորից պատգամավոր ընտրված Սիփան Շիպակցյանը հարցրեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում տեղական իշխանությունները ֆերմերներին օգնելու համար, մասնավորապես՝ կարտոֆիլի իրացման հարցում։

Ռուբեն Պալյանը պատասխանեց, որ մունիցիպալիտետում բարելավվում է ոռոգման համակարգը։

«Մեր բոլոր ծրագրերը միտված են հողագործների արտադրանքի ինքնարժեքի նվազեցմանը»։

Արմեն Մառանգոզյանը հավելեց, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի մասնագետ Ռամազ Գոգոլաձեի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է կարտոֆիլի ցանքատարածությունների մասին անստույգ տվյալների լուրջ խնդիրը։

Մառանգոզյանի խոսքով, Ռամազ Գոգոլաձեն նշել է, որ գյուղերի լիազորները փոխանցում են անստույգ տեղեկատվություն, որը հետո ուղարկվում է նախարարություն։ Արդյունքում, պետությունը ներմուծում է անհրաժեշտից ավելի շատ կարտոֆիլ, և Ջավախքի ֆերմերների արտադրանքը մնում է չիրացված։

Կարտիկամի տարածքային միավորից պատգամավոր Գենադի Էլիզբարյանը չհամաձայնեց այսպիսի գնահատականին։

«Գյուղերի ներկայացուցիչներին հարցնելու փոխարեն, կենտրոնի աշխատակիցները պետք է իրենք գնան գյուղեր և տեղեկատվություն հավաքեն։ Նրանք իրենց աշխատասենյակներում նստած տվյալներ են հավաքում, այդ պատճառով էլ ստանում են սխալ թվեր», — հայտարարեց Գենադի Էլիզբարյանը։

Նիստի ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ այլ հարցեր, որոնց պատասխանը ներկաները չստացան։

Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը հայտարարեց, որ հաջորդ աշխատանքային հանդիպումներին, պատգամավորների կողմից բարձրացված բոլոր հարցերին պատասխանելու նպատակով, կհրավիրվեն մասնագետներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝