նորություններ 29 Ապրիլի, 2026 • Ախալքալաքը 60 000 լարի է հատկացրել զբոսայգիների, խաղահրապարակների  վերանորոգման համար…

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը 60 000 լարի է հատկացրել մունիցիպալ գույքի՝ զբոսայգիների, մարզադաշտերի, վարչական շենքերի և այլ օբյեկտների վերանորոգման համար։ Երեկ՝ ապրիլի 28-ին, պատգամավորներն այս հարցի մանրամասները քննարկեցին Սակրեբուլոյի երեք համատեղ հանձնաժողովների նիստում։ Կապալառուն կընտրվի մրցույթով։

JNEWS-ը տարիներ շարունակ բարձրացրել է զբոսայգիների և մունիցիպալ գույքի վերանորոգման, դրա համար միջոցների հատկացման և աշխատողների վարձման անհրաժեշտության հարցը։

Ախալքալաքի զբոսայգիները մշտական խնամքի կարիք ունեն

Ախալքալաքի «Խաս Բախչա» զբոսայգու ճոճանակները կրկին կոտրվել են

Հարկ է նշել, որ ժամանակի ընթացքում զբոսայգիները, ֆուտբոլի դաշտերը և այլ կառույցներ վնասվում են և վերանորոգման կարիք ունեն: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մասամբ վերանորոգել է քաղաքի պուրակների ճոճանակները, սակայն ողջ մունիցիպալ գույքի կանոնավոր սպասարկումը պահանջում է լրացուցիչ միջոցներ և աշխատուժ։

Այս հարցը ներառվել է 2026 թվականի բյուջեի վերջին փոփոխություններում: Փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց մունիցիպալիտետի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։

Նրա խոսքով, ըստ աշխատանքների գնացուցակի, կկազմվի հատուկ պայմանագիր։

«Գնացուցակը ներառում է տարբեր տեսակի աշխատանքներ։ Սա արվում է, որպեսզի մենք, պայմանագրով նախատեսված կարգով, կարողանանք վերականգնել վնասված գույքը», — ասաց Կարեն Մերգելյանը։

Քաղաքապետարանի գույքի վերանորոգման համար 60,000 լարիի հատկացումը նախաձեռնվել է Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության գրության հիման վրա։

Ինչպես նշեց քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը, անհրաժեշտության դեպքում գումարը կարող է ավելացվել։

Թե ով կկատարի աշխատանքները, կորոշվի մրցույթի արդյունքներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝