Պետական անվտանգության ծառայությունը Բաթումիում ձերբակալել է մեկ օտարերկրյա քաղաքացու և մեկ Վրաստանի քաղաքացու։
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Լաշա Մաղրաձեն, հետաքննությունը պարզել է, որ անձինք միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերին, տվել հավատարմության երդում (այսպես կոչված բայաթ), տեսագրել այն և ուղարկել կազմակերպության ղեկավարներին՝ այդպիսով արտահայտելով իրենց անվերապահ հնազանդությունը։
Հետաքննության տվյալներով՝ ձերբակալվածները նաև պլանավորել էին Վրաստանից մեկնել մեկ այլ երկիր, որտեղ պետք է միանային «Իսլամական պետության» զինյալներին։
«Հակաահաբեկչական կենտրոնի և Գարդաբանիի մունիցիպալիտետի ու Աջարիայի շրջանի Պետական անվտանգության ծառայության հատուկ գործողությունների վարչության համատեղ հատուկ գործողության շրջանակներում Բաթումի քաղաքում ձերբակալվել է մեկ օտարերկրյա քաղաքացի և մեկ Վրաստանի քաղաքացի։ Հակաահաբեկչական կենտրոնը նախապես տեղյակ էր այդ անձանց մասին, և մենք նաև տեղեկություններ ունեինք նրանց Վրաստան մուտք գործելու և գտնվելու նպատակի մասին։ Նրանք առանձին-առանձին ժամանել են երկիր և բնակություն հաստատել վարձակալած բնակարանում։ Մուտքի պահից երկուսն էլ դատարանի որոշումների հիման վրա գտնվում էին Հակաահաբեկչական կենտրոնի օպերատիվ հսկողության ներքո։
Նրանք պատրաստ էին կատարել «Իսլամական պետության» ղեկավարների ցանկացած հրաման։ Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են էլեկտրոնային սարքեր, չգրանցված SIM քարտեր, բջջային հեռախոսներ, ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներով իրեր, դիմակներ, անձնական փաստաթղթեր և գործին վերաբերող այլ ապացույցներ», — հայտարարել է Լաշա Մաղրաձեն։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ հետաքննությունը տարվում է ՔՕ 328-րդ հոդվածի համաձայն, որը ենթադրում է մասնակցություն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը և օժանդակություն ահաբեկչական գործունեությանը: Այս հոդվածով նախատեսված պատիժը տատանվում է 10-ից 17 տարվա ազատազրկման սահմաններում։
«Պետական անվտանգության ծառայությունը հուսալի գործընկեր է միջազգային հակաահաբեկչական համակարգում: Մենք շարունակում ենք ակտիվորեն իրականացնել միջազգային ահաբեկչության հետ կապված կանխարգելիչ միջոցառումներ», — հայտարարել է Պետական անվտանգության ծառայությունը։

