Մարտի 27-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում քննարկվեցին 2026 թվականի բյուջեի փոփոխությունները։ Հիմնական հարցերից մեկը Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս մանկապարտեզների կահույքի գնման համար պետության կողմից հատկացված 427 455 լարիի ներառումն էր։
Բյուջեի փոփոխությունները ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։
Պետական գնումների գործակալությունը հայտարարել է Վրաստանի ողջ տարածքում գտնվող մանկապարտեզների, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի չորս մանկապարտեզների կահույքի և այլ գույքի գնման համախմբված մրցույթ։ Դրանց թվում են Ախալքալաքի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզները, նորակառույց թիվ 16 մանկապարտեզը և Կորխ գյուղի թիվ 17 մանկապարտեզը։ Գնումն իրականացվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի միջոցներով:
«Մրցույթն արդեն անցկացվել է, դա համախմբված մրցույթ է։ Այժմ յուրաքանչյուր մունիցիպալիտետ պետք է ստորագրի պայմանագիրը և փոխանցի համապատասխան գումարը», — պարզաբանեց Մերգելյանը։
Պետական գնումների գործակալությունը հայտարարել է կահույքի, սպասքի, տեխնիկայի և խաղալիքների գնման մրցույթներ, որոնք արդեն կայացել են։ Մատակարարներն ընտրվել են , որոնք մանկապարտեզները կապահովեն անհրաժեշտ պարագաներով։
Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկեց գնումների ֆինանսավորման համար անհրաժեշտ բյուջետային փոփոխություններ կատարելու հարցը։
Բյուրոյի նիստը և Սակրեբուլոյի ընդհանուր նիստը նախատեսված է հաջորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ Ախալքալաքի նոր թիվ 16 մանկապարտեզը դեռ անցյալ տարվանից պատրաստ է շահագործման, սակայն դեռևս չի բացվել, քանի որ այն կահավորված չի։ Իսկ Ախալքալաքի գործող մանկապարտեզներն արդեն երկու տարի է փակ են վերանորոգման պատճառով։ Այս մանկապարտեզների սաների միայն մի մասն է տեղափոխվում գյուղական մանկապարտեզներ՝ տեղերի սահմանափակ լինելու պատճառով։ Շատ ծնողներ հույս ունեին, որ նոր մանկապարտեզը կբացվեր, սակայն մի ամբողջ սերունդ մնաց առանց նախադպրոցական կրթության։



