Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրլովկա և Գորելովկա գյուղերի բնակիչները շարունակում են բախվել բնական գազի բացակայության խնդրին։ Չնայած տարիներ շարունակ տրվող խոստումներին՝ գազիֆիկացումը այդպես էլ չի իրականացվել։
Տեղացիների խոսքերով՝ խնդիրը վաղուց արդեն ոչ միայն կենցաղային, այլև սոցիալական և ֆինանսական ծանր բեռ է դարձել։
«Ճաշ պատրաստելու համար օգտագործում ենք գազի բալոն, որն արդեն շատ թանկ է դարձել։ Իսկ ձմռանը ստիպված եմ գնում 4 շարք փայտ, որի համար վճարում եմ 2400 լարի։ Այդ փայտը հազիվ է բավականացնում ամբողջ ձմռան համար», – ասում է Օրլովկա գյուղի բնակիչներից մեկը, ով ցանկացավ մնալ անանուն։
Նույն իրավիճակում են նաև հարևան Գորելովկա գյուղի բնակիչները։
«Ամեն տարի խոստանում են, ասում են՝ գազ կբերեն, ծրագրում են, հետո նորից մոռանում։ Իսկ մենք շարունակում ենք ցրտի մեջ ապրել, ամեն ձմեռ պայքարել՝ ինչպես տաքացնել տունը։ Փայտը և գազի բալոններն օր օրի թանկանում են», – ասում է Գորելովկայից Մհեր Քուրչանյանը։
Բնակիչներն ընդգծում են, որ իրենց գյուղերում եղանակները շատ ցուրտ են՝ ձմեռը ձգվում է ավելի քան 6 ամիս, աթարի հույսին չի կարելի մնալ, հետևաբար միակ տարբերակը վճարելն է՝ թանկ և երբեմն ոչ հասանելի գներով։
Արդյունքում՝ գազիֆիկացման բացակայությունը դարձել է բնակիչների ամենամեծ խնդիրը, որն ազդում է նրանց կենսապայմանների, առողջության, ինչպես նաև ֆինանսական կայունության վրա։
Տարիներ շարունակ հնչած խոստումներն արդեն չեն բավարարում։ Տեղացիները պահանջում են, որ խնդիրը վերջապես դուրս գա բյուրոկրատական փուլից և իրական լուծում ստանա։
Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքի տեղեկատվության համաձայն՝ 2024-2025 թթ. Ջավախքում գազիֆիկացվելու է 13 գյուղ․ 8-ը՝ Ախալքալաքում, իսկ 5-ը՝ Նինոծմինդայում․ Գորելովկա, Ժդանով, Սամեբա, Օրլովկա, Եֆրեմովկա գյուղերը:
Jnews-ը կապ հաստատեց Գորելովկա գյուղի մասնագետ Մնացական Բաբաջանյանի հետ, ով հայտնեց, որ գործընթացը ներկայումս շարունակվում է, գյուղում արդեն իրականացվել են համապատասխան չափումներ, սակայն այլ մանրամասների չի տիրապետում։
Jnews-ը կապ հաստատեց Օրլովկա գյուղի քաղաքապետարանի ներկայացուցիչ Էդվարդ Շահբեկյանի հետ՝ պարզելու, արդյոք այս տարի նախատեսվում է գազիֆիկացում գյուղում։
Էդվարդ Շահբեկյանի խոսքով՝ մոտ երեք օր առաջ գյուղ են այցելել մասնագետներ՝ դրոնով տարածքի նկարահանումներ են կատարել։ Նրանք արդեն կազմել են գլխավոր գազատար խողովակաշարի անցկացման ծրագիրը, որը նախատեսված է հինգ ամսում իրականացնել։
«Ծրագրվում է, որ այդ ժամանակահատվածում գլխավոր խողովակաշարը հասցնել մինչև գյուղ։ Դրանից հետո նորից պետք է հայտարարվի մրցույթ՝ գյուղի ներսում աշխատանքներն իրականացնելու համար։ Գազի գործարկման հստակ ժամկետի վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունեմ»,- նշեց Շահբեկյանը։