նորություններ 18 Հունիսի, 2025 • Բարեկարգում առանց խնամքի. Ախալքալաքի զբոսայգիների անմխիթար վիճակը

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ախալքալաքում հայտնվել են մի քանի պուրակներ և զբոսայգիներ, սակայն, կառուցապատողների աշխատանքն ավարտելուց շատ կարճ ժամանակ անց, զբոսայգիներն անմխիթար վիճակում են հայտնվում։ Պատճառն այն է, որ բարեկարգումից հետո դրանց մասին հոգ տանող չկա։
buhashen - 1

Ջիվանու զբոսայգում 14-15 տարեկանի տեսքով մի դեռահաս ճոճորվում է նախադպրոցական և տարրական դասարանների երեխաների համար նախատեսված պլաստիկե ճոճանակների վրա։ Պարզ է դառնում. եթե դեռահասը շարունակի ճոճվել, ապա ճոճանակը չի դիմանա և կկոտրվի։ Անցորդները նրան դիտողություն են անում, նա իջնում է ճոճանակից։ Սակայն, մի փոքր անց, ականատեսները տեսնում են թե ինչպես է նույն դեռահասը՝ իր ընկերների հետ միասին, վերադառնում նույն ճոճանակների մոտ և վերջնականապես կոտրում դրանք։

Дизайн без названия - 1

Սա նմանատիպ առաջին կամ վերջին դեպքը չէ։ Այս նույն զբոսայգում ամենուրեք դեկորատիվ էլեկտրոնային լուսամփոփներ են ընկած. դրանք անցյալ տարվանից ի վեր մի քանի ամիս է, ինչ սիզամարգի վրա են գտնվում։

Дизайн без названия - 1

Չնայած այն հանգամանքին, որ զբոսայգում տեղադրված են հսկիչ տեսախցիկներ, ոչ ոք պատասխանատվություն չի կրում հանրային և պետական սեփականությանը դիտավորյալ վնաս հասցնելու համար, և վնասված գույքը չի վերականգնվում։ Դեռահասի կողմից դիտավորյալ կոտրված ճոճանակը դեռևս չի վերանորոգվել։ Փոքրիկ Ախալքալաքում նման դեպքերն օրենքի շրջանակներում կարգավորվում չեն ստանում՝ դրա մեղավորներն են սերտ բարեկամական, ընկերական, հարևանական և այլ կապերը։

Дизайн без названия - 1

Առավոտյան Աղմաշենեբելիի վրա գտնվող զբոսայգու մոտակայքում լսվում էին տարվող աշխատանքների ձայները։ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը մաքրում էր զբոսայգին գերաճած խոտածածկույթից և փոխում լամպերը։ Ինչպես Մխիթար Ռստակյանն է ասում, նրանք արդեն սկսել են աստիճանաբար կարգի բերել զբոսայգիները, սակայն ինչ վերաբերում է վնասված գույքի համար պատժելուն, ապա փոքրիկ քաղաքում, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, դա դժվար է իրականացնել։ Զբոսայգիներում ամեն բան կոտրող դեռահասները հաճախ պատասխանատվություն չեն կրում, քանի որ վերջում պարզվում է, որ նրանք ծանոթ կամ բարեկամ են։

«Երբեմն մենք նրանց պատասխանատվության ենք ենթարկում, երբեմն էլ նրանց ոստիկանություն են կանչում, լինում է երբ նրանք վերականգնում են կոտրվածը, ծնողները հանդիմանում են նրանց, բայց դա չի ազդում իրավիճակի վրա», — ասում է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը։

Անպատժելիությունը, սակայն, զբոսայգիների հետ կապված միակ խնդիրը չէ։

Բարեկարգման աշխատանքների ընթացքում տնկված ծառերը չորացել են, նստարանները գունաթափվել են, լանդշաֆտային ձևավորում չկա, չկան ծաղիկներ։ Բարեկարգման աշխատանքների շրջանակներում տնկված բույսերը չորացել են ոչ պարբերական ոռոգման և Ախալքալաքի խստաշունչ կլիմայի պատճառով։

Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքի սպասարկման կենտրոնն արդեն մի քանի օր է, ինչ մաքրում է սիզամարգերը, զբոսայգիներում և պուրակներում անհրաժեշտ է կանոնավոր և մշտական խնամք, ինչպես նաև մաքրում, օրինակ՝ արևածաղկի սերմերի կեղևներից և աղբից, որը քաղաքի բնակիչները նետում են բոլոր հանգստի գոտիներում:

Дизайн без названия - 1

Մխիթար Ռստակյանի խոսքով՝ միայն 2 զբոսայգի է ենթակա ամենօրյա մաքրման՝ «Խաս Բախչան» և Ջիվանու այգին, մնացած զբոսայգիները մաքրվում են ավելի քիչ հաճախականությամբ՝ սահմանված գրաֆիկի համաձայն։ Նրա խոսքով՝ սպասարկման կենտրոնը բավարար ժամանակ կամ ռեսուրսներ չունի բոլոր խնդիրները լուծելու համար։ Ընդամենը մի քանի տարվա ընթացքում երեխաների հանգստի և զվարճանքի վայրերի թիվը զգալիորեն աճել է. օրինակ՝ Ախալքալաքում կա 8 զբոսայգի, պուրակ և մարզահրապարակ, իսկ ևս 2-ը կառուցման փուլում են։

Առանձին թեմա են Ջիվանու և Խաս Բախչա զբոսայգիների տարածքում գտնվող սրճարանները, որոնք պետք է ի հայտ գային անցյալ տարի, սակայն դեռ չեն կառուցվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝