նորություններ 12 Ապրիլի, 2025 • Ախալքալաքում կրկին ակտիվորեն տարածվում է կարմրուկը

Ախալքալաքի ՀԱԿ-ը կոչ է անում Ախալքալաքի բնակիչներին պատվաստել իրենց երեխաներին, քանի որ քաղաքում կրկին տարածված է կարմրուկը։

Ախալքալաքի ՀԱԿ-ի տվյալներով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում երեխաների շրջանում գրանցվել է կարմրուկով վարակման 4-5 դեպք։ Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվարից Ախալքալաքում երեխաների շրջանում կարմրուկով վարակման 21 դեպք է գրանցվել։ ՀԱԿ-ը կոչ է անում ծնողներին պատվաստել իրենց երեխաներին քաղաքային հիվանդանոցում։ Կարմրուկը հիմնականում տարածվում է քաղաքում, քանի որ գյուղերում բոլորը պատվաստված են այս հիվանդության դեմ։

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։

Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝