Վրաստանը այս տարի երգի միջազգային մրցույթ` «Եվրատեսիլում» կներկայացնի Young Georgian Lolitaz խումբը ազգությամբ հայ վոկալիստ` Նիկա Քոչարովի մասնակցությամբ:

Վոկալիստ Նիկա Քոչարովը խորհրդային ժամանակաշրջանի հայտնի երաժշտի` Վլադիմիր Քոչարովի որդին է, նա ծնվել է Վրաստանում 1980 թվականի հուլիսի 22-ին: Բացի Նիկա Քոչարովից, խմբի անդամներն են` Լևան Շանշիաշվիլին, Գիորգի Մարը, Դիմա Հովհաննիսյանը:

Նշենք, որ խմբի երեք երաժիշտներից երկուսը` Գիորգին և Դիմա Հովհաննիսյանը հայեր են:

Ջավախքի հայերը ակնկալում են, որ Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերը կաջակցեն Վրաստանին Եվրատեսիլի եզրափակչում:

«Ես ուրախ եմ, որ Վրաստանը ներկայացնող խմբում ազգությամբ հայեր կան, կոչ եմ անում Հայաստանին և ամբողջ աշխարհի հայերին աջակցել Young Georgian Lolitaz խմբին», – ասաց Ախալքալաքի 31-ամյա բնակիչ` Արտակ Այվազյանը:

Մրցույթին Young Georgian Lolitaz-ը կներկայանան Midnight Gold (Կեսգիշերվա ոսկի) երգով: Երգը ձայնագրվել է Բեռլինի ձայնագրման ստուդիայում: Երաժիշտների նպատակն է Վրաստանի այլընտրանքային մշակույթի և համաշխարհային բեմերի վրա ներկայացնել Young Georgian Lolitaz խումբը: Խումբը շոու-բիզնեսի աշխարհում է արդեն 15 տարի:

Young Georgian Lolitaz խումբը եվրատեսիլյան երգը կատարում են իրենց ուրույն ոճի մեջ, որը կարելի է անվանել` ավանգարդի մեյնսթրիմ: Խմբի աշխատանքի վրա ազդեցություն են ունեցել այնպիսի ոճեր, ինչպիսիք են` այլընտրանքային ռոքը, միջազգային հինդին, ինչպես նաև լեգենդար խմբեր` «The Beatles» (Բիթլզը), «Nirvana» (Նիրվանա) և այլք: Նրանք նաև կատարում են` էլեկտրոնա-սեմփլավորված ստեղծագործություններ:

Վրաստանը հանդես կգա այսօր երկրորդ կիսաեզրափակչում 16 համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակչում հանդես կգան` Լատվիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Իսրայելի, Բելառուսի, Սերբիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի, Լիտվայի, Ավստրալիայի, Սլովենիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Դանիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի, Ալբանիայի և Բելգիայի մասնակիցները: