Նոյեմբերի 5-ին, Սամցխե-Ջավախքում գրանցվել է նոր կորոնավարակի 55 դեպք, որից 2-ը՝ Ախալքալաքում։ Վրաստանում նոր կորոնավարակի առաջին հաստատված դեպքից մինչև օրս Ախալքալաքում կատարվել է 2000-ից ավելի թեստավորում, որից 1851-ը թեստավորվել է Հանրային առողջապահության կենտրոնում, իսկ 300-ից ավելին Ախալքալաքի հիվանդանոցում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետ Տոնականյանը վերջին երեք օրվա ընթացքում 143 մարդ է թեստավորվել, նոյեմբերի 5-ին՝ 63 հոգի, 4-ին՝ 22 և 3-ին՝ 58։

Ախալքալաքի հոսպիտալում ընդհանուր առմամբ կատարվել է 300-ից ավելի թեստավորում, իսկ վերջին երեք օրվա ընթացքում՝ 120, որից 12-ի պատասխանը դրական է եղել։

Հարկ է նշել, որ հիվանդանոցի աշխատակիցների թեստավումը չի մտնում ամենօրյա Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի վիճակագրության մեջ։

Չնայած վիճակագրությանը՝ բնակիչները մշտապես բողոքում են, որ ցանկություն ունեն թեստ հանձնելու, սակայն նրանցից թեստ չեն վերցնում։

Ինչպես արդեն JNEWS-ը հայտնել էր նոյեմբերի 3-ին և 4-ին Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի նոր դեպք չի գրանցվել։ Այս փաստը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական կայքերում: Սոցիալական տարբեր հարթակներում մարդիկ տեսակետ են հայտնում, ըստ որի՝ հաստատված վարակակիրների թիվը շատ քիչ է, քանի որ թեստ չեն անում:

Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը պարզաբանում է թեստավորման, այսպես ասած կանոնները:

«Մեր մոտ թեստավորումը կատարվում է բժշկական ցուցումներով, այսինքն՝ եթե հիվանդը ունի կորոնավիրուսային սիմպտոմներ, ամենաառաջինը՝ ունի ճանապարհորդություն այն մունիցիպալիտետներ, որտեղ ֆիքսված են կորոնավարակի օջախներ՝ Աջարիա, Կախեթ և այլն: Եթե դա չկա, ունի ջերմություն, հազ, թուլություն, ապա նա պետք է դիմի բժշկի, և բժշկի ցուցումով կատարվում է թեստավորում, ոչ թե հիվանդի ասելով, որ ուզում է թեստ հանձնել ու տուն գնալ, ձեր բուժումը չեմ ուզում, հասկանում եք, այդպես չի կարելի: Այսօրվա գործող օրենսդրության սահմաններում գրված է, եթե այդ երեք սիմպտոմներից՝ անամնեզ, ջերմություն, հազ, թուլություն, 4-ից կամ 3-ից երկուսն առկա են, ապա անպայման պետք է դիմել բժշկի, ցանկալի է առաջնահերթ դիմել տեղամասային բժշկին: Եթե քաղաքի բնակիչ է, ուրեմն Ախալքալաքի հիվանդանոց, եթե գյուղի բնակիչ է, մեր մոտ կան գյուղական բժիշկներ, որոնք պարտավոր են այդ խնդիրներով զբաղվել և յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր ընտանիքի բժիշկին, ունենա հեռախոսահամար և կարողանա հեռախոսով կապ հաստատել», – ասում է Թորոյանը։

Նա նաև նշում է, որ այն անձիք, ովքեր սիպմտոմներով են գնում հիվանդանոց, նրանց իզալյատորում են տեղավորում, կորոնավիրուսով դրական պատասխան ունեցող անձանց հետ: Իհրակե, իզալյատորը ախտահանվում է, սակայն պետք է 24 ժամ, որպեսզի նորմալ ախտազերծվի, այդ իսկ պատճառով չեն կարող ռիսկի դիմել և նրանց տեղավորել իզալյատորում և ընթացքում թեստավորում անցկացնել, նա կարող է նաև տեղում վարակվել։ Այդ պատճառով ոչ բոլորին են անցկացնում թեստ, դա օրենքով է նախատեսված։