Վաղը՝ հոկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում տեղի կունենա զորակցության հավաք: Ջավախքցիները խաղաղ ցույց և քայլերթ կանցկացեն՝ ի զորակցություն Արցախի ու հայ զինվորի:
JNEWS-ի հետ զրույցում երիտասարդները նշում են՝ Ջավախքն Արցախի կողքին է: Այս օրերին երիտասարդները ջանք ու եռանդ չեն խնայում Ղարաբաղին տարբեր տեսակի աջակցություն ցուցաբերելու համար:
«Այսօր մեր պարտքն է հայրենիքի սահմանները պահող զինվորի թիկունքին կանգնել: Մենք ամեն կերպ պետք է մեր ձայնը բարձրացնենք, և զորակցությունը հայտնենք մայր հայրենիքին»,- ասաց խաղաղ հավաքի կազմակերպիչներից մեկը:
Հարկ է նշել, որ Ախալքալաքում, Նինոծմինդայում, Ախալցիխեում և Ծալկայում արդեն մի քանի օր է դրամահավաք իրականացվում: Ինչպես նաև՝ պարեն, տաք հագուստ, դեղորայք և այլն: Ախալքալաքից արդեն տաս բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկվել Հայաստան:
Ախալքալաքում դրամահավաքի կազմակերպիչ երիտասարդներից մեկի խոսքով բավականին մեծ գումար է հավաքվել, որը կհայտարարեն վաղ լայնամաշտաբ հավաքի ժամանակ:
«Մի օր հետաձգեցինք գումարի փոխանցումն ու ամփոփումը, քանի որ մի քանի գյուղ այս օրերին կարտոֆիլ է վաճառում, որպեսզի գումար նվիրաբերի: Բացի դրանից Ռուսաստանից են ուղարկում, անընդհատ զանգում են և ասում, որ սպասենք: Այսօր գումարի մասին կլռեմ, բայց կասեմ, որ ահռելի գումար է հավաքում, թող անակնկալ մնա: Բոլորին կոչ եմ անում վաղը մասնակցել խաղաղ հավաքին, այդպիսով մեր զորակցությունը հայտնենք մեր եղբայրներին: Մենք պետք է ունենանք ամուր թիկունք, որպեսզի հաղթենք առաջնագծում»,- ասաց կազմակերպիչներից մեկը:
Արցախում մարտական գործողություններն սկսվելուց անմիջապես մեկ օր անց՝ սեպտեմբերի 28-ին, Ախալքալաքի երիտասարդների նախաձեռնությամբ «Ջավախք-հիմնադրամ» անվանումով ֆեյսբուքյան էջ է ստեղծվել, որտեղ երիտասարդները պարբերաբար ուղիղ միացումներով ներկայացնում են կատարվող նվիրատվությունները: Եվ յուրաքանչյուր նվիրատուի ոգևորում բուռն ծափողջյուններով:
«Ջավախքն Արցախի կողքին է» կարգախոսով զորակցության խաղաղ հավաք կանցկացվի Ախալքալաքի մարզադաշտում, որից հետո ներկաներով քայլերթով կհասեն Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ միասնական աղոթք և մոմավառություն կկատարվի: