Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքից առաջադրված պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանը պնդում է, որ այսօր իր նախընտրական շտաբի բացումից հետո, եղբոր ընկերությունում ֆինասական ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում, ինչպես նաև վախեցնում են իր աջակիցներին:

Պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանն այսօր JNEWS-ի խմբագրություն էր զանգահարել և վստահեցնում էր, որ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Այս ամենը կատարվում է, որպեսզի իմ թեկնածությունս հանեմ, մինչև վերջ գնալու եմ, եթե նույնիսկ կրակեն: Երեք անգամ զանգեցին, որ հանեմ թեկնածությունս, ես չհանեցի: Բոլորի անունները դատախազությունում կա, հիմա անուններ չեմ կարող տալ»,- ասում է Մկոյանը:

Վերջինիս խոսքերի համաձայն՝ Նինոծմինդայում և Ախալքալաքում նախընտրական շտաբների բացումից հետո ֆինանսական ոստիկանությունը ստուգումներ է սկսել SJGC գազաբաշխիչ ընկերությունում, որի բաժնեմասերի 40 տոկոսի սեփականատերը եղբայրն է: Մկոյանը պնդում է, որ սա հատուկ իր դեմ է արվում:

«Այսօր 30-ից ավելի ոստիկանական մեքենա լցրին քաղաքը, ովքեր եկել էին քարոզարշավին՝ մոտ 30-40 մարդու բռնել են, բոլորին տուգանում են, մի խոսքով վախեցնում են: Երկրորդը՝ ֆինանսական ոստիկանությունը մտել է գազի ընկերություն, բոլոր փաստաթղթերը հավաքում և կնիքում է: Այդ հիմնարկը մաքուր է աշխատել, գտել են 10 հոգի, ասենք թե մեր հակառակորդներից, որոնք դիմում են գրել, իբր գազի հաշվիչը շատ է գրում, դրա համար փաստաթղթերը հավաքում են: Ես հայտարարում եմ, որ սա հակաընտրության համար է, չի կարելի բիզնեսին ճնշել, որը ժողովրդի համար է ստեղծվել, վարկեր են վերցրել միլիոններով, գազաֆիկացրել են շրջանը ու այսօր մարդկանց վախեցնում են, փակում են, որ չմասնակցեն ընտրություններին կամ իրենց ենթարկվեն»,- հայտարարում է Հենզել Մկոյանը:

Անկախ թեկնածուն Ախալքալաքում նախընտրական շտաբ է բացել

Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» կուսակցությունը Հենզել Մկոյանի փոխարեն, որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու է առաջադրել Սամվել Մանուկյանին, որից հետո Մկոյանն առաջադրվեց որպես անկախ թեկնածու:

Հարկ է նշել, որ Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է սկսած 1999 թվանակից մինչ օրս և ամեն անգամ իշխող կուսակցության մաս է կազմել: