Այսօր, սեպտեմբերի 10-ին Ախալքալաքի քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույց էր ընթանում: Հավաքված քաղաքացիները բողոքում էին, որ հաշվիչների ցուցմունքներն ու նրանց օգտագործած գազի իրական տվյալները չեն համընկնում: Գազի խնդիրն աստիճանաբար փոխարինվեց բողոքողների համար այլ արդիական խնդիրներով:

Ցույցի մասնակիցները գրավոր բողոք ներկայացրեցին Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանին, որտեղ առկա էր 14 ստորագրություն: Իր հերթին, փոխքաղաքապետը ցուցարարներին խորհուրդ տվեց սույն խնդրով դիմել SJGC գազաբաշխիչ ընկերությանը և Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովին (ՎԷՋԿԱՀ):

akciya1

JNEWS-ի հետ զրույցում բողոքող քաղաքացիներից մեկն ասաց.

«Հավաքվել ենք գազի խնդրով, ամեն անգամ մեր դիմումներն անտեսվում են, չեն պատասխանում: Գազի հաշվիչների ցուցմունքները ճիշտ չեն գրում, միշտ հասարակ քաղաքացին պետք է ավել վճարի: Տան մեջ ամեն մի գազի կետի համար պետք է հավելյալ գումար վճարենք, ինչո՞ւ, սա անօրինական է»:

«Ես կասկածում եմ, որ իմ գազի հաշվիչը շատ է գրում: Գազին օդ են խառնում, անիմաստ հաշվիչները թվեր են գրում»,- ասաց բողոքող քաղաքացիներից մեկը:

Ցույցի մասնակիցները խոսեցին նաև այլ խնդիրների մասին, օրինակ` դեպի գյուղեր և դեպի Ախալցիխե տանող ճանապարհների ոչ բարվոք վիճակի մասին: Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա, նախընտրական շրջանում, անհրաժեշտ դարձավ արտահայտվել՝ ցուցարարները չէին կարողանում պատասխանել և արագ հեռանում էին:

Գազաբաշխիչ ընկերության պատասխանը

SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց ոչ ոք դիմում չի գրել և ըստ այդմ նա չի կարող կոնկրետ պատասխանել:

«Մեզ դիմող չի եղել, ես տեղյակ չեմ այդ խոսակցություններից, հաշվիչները ստանդարտ անցած հաշվիչներ են, ես չգիտեմ ինչ խոսակցություն է: Ցանկացած դիմողի մեր աշխատակիցները գնում ստուգում են, հիմնականում հաշվիչները ճիշտ են գրում, հազարից մեկը կարող է սխալ լինել, որն էլ վերահաշվարկ ենք անում»,- ասաց SJGC գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանը:

akciya2

Բողոքի ցույցի քաղաքական ենթատեքստը

Բողոքի ցույցից հետո ներկայիս պատգամավոր և առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի անկախ թեկնածու Հենզել Մկոյանը կապ հաստատեց JNEWS-ի խմբագրության հետ և հայտնեց, որ այս բողոքի ցույցն ուղղված է իր ու գազաբաշխիչ ընկերության մյուս համասեփականատերերի վարկաբեկմանը:

«Այս ամենը կազմակերպված է: Կազմակերպել էր Նվերը՝ Դիլիսկայից, Գագոն, ով աշխատում էր գազաբաշխիչ ընկերությունում, 30-40 հոգու բերել էին քաղաքապետարան բողոքներով, որ հաշվիչները շատ են գրում, և էլի ինչ-որ բաներ՝ սա կեղտոտ նախընտրական խաղ է: Ամբողջ աշխարհում, երբ գազ են անցկացնում, տոն է, հարևան Ասպինձան, Ադիգենին, Ախալցիխեն, Ծալկան գազ չունեն, բայց մենք գազ ենք անցկացրել, իսկ նրանք այսպես են վարվում: Միթե՞ այդպես կարելի է:

Ես հայտարարում եմ, որ սա կոնկրետ քաղաքական խաղ է և ուրիշ ոչինչ, մեր հեղինակության հետ են խաղում: Նրանք ասւոմ են, որ հաշվիչները շատ են գրում, հաշվիչները շատ չեն կարող գրել: Եթե այդպես է, ապա գազի ընկերությունն այն ուղարկում է փորձաքննության: Ես չգիտեմ, թե իմ քաղաքական հակառակորդներից ով է սրանում ներգրավված, նրանք բոլորը միգուցե միավորվել են: Եվ դա շատ վատ է, որ նրանք այսօր բիզնեսն են շահարկում», – ասաց Հենզել Մկոյանը:

Ըստ Մկոյանի, ինքն արդեն զրուցել է գազաբաշխիչ ընկերության տնօրեն Արամ Սանոսյանի հետ, ով ասում է, որ ընկերության համասեփականատերերը ցանկացած պահի կարող են ամեն ինչ փակել ու մի կողմ քաշվել:

«Սա մեր սեփականությունն է: Տեսնենք, թե ինչ կանեն: Ո՞վ կարող է մեզ ստիպել: Եթե մեզ հետ կեղտոտ մեթոդներով են պայքարում, և ուզում են մեր հերոսական, հայրենասիրական գործը ցեխի մեջ գցել, ուրեմն մենք կհավաքվենք ու կգնանք, թող դատ լինի, և դատավորները որոշեն ինչ անել», – ասաց Հենզել Մկոյանը:

akciya3