Երեկ՝ օգոստոսի 13-ին, հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի մանկապարտեզները կվերսկսեն իրենց աշխատանքը սեպտեմբերի 14-ից: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի մանկապարտեզների գործակալության ղեկավար Կախաբեր Ղվանցելաձեն: Սակայն այս պահի դրությամբ հայտնի չէ, թե մանկապարտեզներն վերաբացվելու են արդյո՞ք շրջաններում, այդ թվում նաև Ջավախքում:
Ինչպես JNEWS-ին հայտնեց Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը՝ ներկայումս մանկապարտեզները պատրաստվում են երեխաներին ընդունելուն: Այնուամենայնիվ, մանկապարտեզներ բացելու հրահանգ դեռևս չկա:
«Ամեն դեպքում, մենք սկսել ենք պատրաստվել աշխատանքին: Մենք սկսել ենք ջերմաչափերի գնման գործընթացը: Այնուամենայնիվ, այս պահին մենք Սամցխե-Ջավախքի նահանգապետարանից ցուցումներ և հանձնարարականներ չունենք, թե մանկապարտեզները երբ կկարողանան երեխաներին ընդունել, քանի որ սովորաբար ցուցումներ ենք ստանում նրանցից», – ասաց Անահիտ Ասատուրյանը:
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանից մեզ տեղեկացրին, որ դեռ չի նախատեսվում մանկապարտեզների բացումը, տարածաշրջանում մանկապարտեզների մեկնարկի և աշխատանքային պայմանների վերաբերյալ որոշում կկայացվի մոտ օրերս: Բացի այդ, դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ միջոցառումներ կձեռնարկվեն, որպեսզի մանկապարտեզներում գտնվող երեխաները չվտանգվեն COVID-19-ով վարակվելուց:
Այս տարվա մարտից մանկապարտեզները փակ են՝ Վրաստանում կորոնավիրուսի ի հայտ գալու և տարածման պատճառով: Այս ընթացքում, մունիցիպալ իշխանությունների որոշմամբ, բոլոր մանկապարտեզները երեխաներին 2 անգամ սննդամթերք են բաժանել: