Այսօր, հուլիսի 26-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի մասնակցությամբ բացօդյա մեծ հավաքույթ է տեղի ունեցել, որին մասնակցել են բազմաթիվ մարդիկ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից: JNEWS-ը հավաքույթի մանրամասների և առաջիկա խորհրդարանական ընտրություններին Մկոյանի հնարավոր առաջադրման մասին զրուցեց Հենզել Մկոյանի հետ:

– Պարոն Մկոյան, այսօր ի՞նչ հյուրասիրություն է եղել Նինոծմինդայի Սաթխա գյուղում:

– Այո, շատ մեծ միջոցառում էր, նվազագույնը 1400 մարդ կար, որովհետև 900 հոգու սեղան էր սարքած, ովքեր նստել էին, 300 հոգի էլ գյուղացիք ճամփեցին անտառներ ու լճերի կողքերը հաց ուտելու:

– Իսկ ի՞նչ հավաքույթ էր:

– Պարզապես սաթխացիք հրավիրել էին իրենց պատգամավորին, հանդիպում և խոսել էին ուզում: Այդ ամենը Սաթխա գյուղն էր կազմակերպել:

– Դուք չե՞ք հյուրասիրել:

– Ոչ, ոչ… Սաթխա գյուղը, Սաթխա գյուղը 3 հատ կով ու մոզիկ էր մորթել, երևի 30-40 հատ ոչխար ու խոզ էր մորթել, այդպիսի գյուղ է Սաթխան, չգի՞տեք: Մթավարի արխին էլ էր այդտեղ, առավոտից մինչև վերջ նկարում էր, դուք էլ կարող եք գնալ Սաթխա և ժողովրդից իմանալ, թե ո՞վ է հյուրասիրել, իրենք են մորթել կովերը: Մենք, ճիշտն ասած ուզում էինք 30-40 հոգով անցկացնեինք հանդիպումը, 40-50 հոգի մաքսիմում, բայց գյուղացիք ոտքի ելան և իրենք որոշեցին, որ ընդհանուր բացօդյա նստենք, բոլորին հրավիրենք և իրենք էին հրավիրել: Միայն սաթխացիք չէին այդտեղ: Երևի սեղանին 200 հոգի նստած էին սաթխացի, մյուս 700 հոգին Նինոծմինդայի, Ախալքալաքի գյուղերից էին, բոլոր գյուղերից կային, մինիմում 15-20 հոգի: Այդպիսի գյուղ չկար, որտեղից մարդ չլիներ:

– Պարոն Մկոյան հյուրասիրության ժամանակ խոսվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ձեր հնարավոր առաջադրման մասին:

– Ժողովուրդն իրենք ելույթ ունեցան, գանձացիք ելան, խանչալեցիք, սաթխացիք, գոնդուրեցիք, ելան գոռացին, ես խելոք նստած էի, ասացին, որ դու մեզ դավաճանում ես, եթե թեկնածությունդ չդնես: Ես իրենց պատասխանեցի, որ կուսակցության հետ կհանդիպեմ, կորոշեմ և հետո ձեզ պատասխան կտամ: Իրենք պարզապես պահանջում էին, որ ես թեկնածությունս դնեմ: Նույնիսկ մի գանձացի ասաց, եթե չդնեք, մենք ձեզ դավաճան կհամարենք, այսինքն՝ ժողովրդի դավաճան:

– Կուսակցություն ասելով, ի նկատի ունեք «Վրացական երազանքին»:

– Այո, հենց Երազանքին, ես կուսակցության հետ կիսատ գործեր ունեմ, չեմ վերջացրել: Ես ընդհանրապես պետականորեն եմ մտածում: Լավ կլիներ, որ տեղում լինեիք և տեսնեիք, այսօր կախված էր մեր պետական դրոշները և «Երազանքի» դրոշները: Ուրիշ խոսակցություն չեն կարող մարդիկ լցնել մեր վրա, որովհետև այսօր մարդիկ կան, որ աշխատում են մեր դեմ, բայց ժողովուրդն այսօր ամենախելացին է, ժողովուրդը կյանքում չի սխալվի, ինչպես որ ժողովուրդն է ասում, այդպես էլ կլինի, դրա համար էլ մենք այսպես ասած սպասողական դիրքում ենք:

– Այսինքն հնարավո՞ր է կուսակցական ցուցակով առաջադրվեք:

– Ես ոչ մի բան չգիտեմ: Ես իմ տարբերակներն ունեմ, կսպասեմ իրենք ինչ են ասելու, հետո ես ինչ եմ ասելու:

– Հնարավոր է որպես անկախ թեկնածու առաջադրվեք:

– Գիտեք, եթե ժողովուրդն այսօրվա նման կանգնի ու ստիպի ինձ, մի խոսքով ամեն ինչ ժողովրդից է կախված, դեռ դիմացը ժամանակ կա, դեռ սկիզբն է, երեք ամսվա մեջ շատ բաներ կփոխվեն: Որոշողը ժողովուրդն է, եթե իրենք ինչպես այսօր տարբեր գյուղերից ստիպում էին, չկար մարդկանց մեջ անբնականություն, 21 տարի քաղաքականության մեջ եմ, ժողովուրդը լավ է հասկանում: Եթե ստիպողական լինի կարող է համաձայնվեմ իրենց տարբերակներին, ժողովրդի խնդրանքով:

Հարցազրույցին կից ներկայացնում ենք փորքիկ տեսանյութ այսօրվա հավաքույթից:

Տեսանյութը՝ Արարատ Համբարյանի ֆեյսբուքյան էջից