Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենը, իր ընտանիքի հետ միասին, միացել է Վրաստանում մեկնարկած Հայաստանին օգնելու նախաձեռնությանը, և կոչ արել իր աշխատակիցներին նույնպես միանալ նախաձեռնությանը՝ իրենց հնարավորության սահմաններում:

Այսօր` հունիսի 12-ին, Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում տեղի է ունեցել աշխատակիցների չնախատեսված հանդիպում ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը կոչ է արել հանգանակություն կատարել աշխատավարձից գումար, ով որքան ճիշտ կհամարի:

Սպասարկման կենտրոնի տնօրենն արդեն գումարը նվիրաբերել է մեկ շնչառական սարք գնելու համար:

Ըստ Արմեն Բիչախչյանի, լսելով կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերվող օգնության նախաձեռնության մասին, որը նախաձեռնել են Թբիլիսիում բնակվող հայերը, որին միացել են նաև վրացիները, ձեռներեցներ, հասարակական գործիչներ՝ նա նույնպես որոշել է միանալ, իսկ հետո նա որոշեց նաև տեղեկացնել իր աշխատակիցներին, որպեսզի նրանք նույնպես ցանկության դեպքում միանան:

Ինչպես ասել է Արմեն Բիչախչյանը աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, այն, ինչ անում է նա, ամենաչնչինն է, համեմատած այն բանի հետ, որը պետությունն է անում, որպեսզի օգնի Հայաստանին հաղթահարել համաճարակը:

«Մեր վարչապետ Գիորգի Գախարիան նախօրեին հայտարարել էր, որ բժշկական անձնակազմ կուղարկի Հայաստան, բժիշկները կվտանգեն իրենց կյանքը՝ ուրիշների կյանքը փրկելու համար», – ասում է Արմեն Բիչախչյանը:

Ըստ նրա, Հայաստանն ու Վրաստանը հին ընկերներ են, և այս երկու երկրները միշտ էլ օգնել են միմյանց դժվար պահերին:

«Ես ոչ մեկին չեմ պարտադրում միանալ, ես հավաքել եմ բոլորիդ, որպեսզի առաջարկեմ ձեզ մասնակցել, միանալ նախաձեռնությանը` Հայաստանին օգնելու նպատակով, ներդրելով այնքան գումար, որքան դուք հարկ կհամարեք», – հանդիպման ընթացքում ասել է Բիչախչյանը:

Սպասարկման կենտրոնի աշխատակիցները ոգևորությամբ ընդունել են առաջարկը և պայմանավորվել օգնել Հայաստանին:

Աշխատավարձ ստանալուց հետո բոլոր աշխատակիցները կներդնեն որոշակի գումար, որպեսզի ուղարկեն շնչառական սարքի գնման համար, որը նրանք կուղարկեն Հայաստան:

Հունիսի 7-ին «Ալիք մեդիայի» տնօրեն Պավել Օգանեզովի միջնորդությամբ թբիլիսաբնակ օտարերկրյա մի գործարար թթվածնային 10 կոնցենտրատոր էր նվիրել Հայաստանին:

Լուրը տարածելու հաջորդ օրը, ՀՀ առողջապահության նախարարությունից կապ են հաստատել՝ նշելով, որ շնչառական սարքերի պահանջարկ էլի կա, նախարարությունը պատրաստ է գնել, խնդրեցին պարզել արդյո՞ք հնարավոր է որոշակի քանակություն ևս ձեռք բերել:

Այս ընթացքում, թբիլիսաբնակ մի շարք հայեր և ոչ միայն, գործարարներ, հասարակական գործիչներ ցանկություն էին հայտնել իրենց աջակցությունն ունենալու մայր հայրենիքին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում:

Հայաստանով մտահոգ վրաստանյան մի քանի գործարարների արագ արձագանքի արդյունքում ընդամենը մի քանի ժամում կազմակերպվեց հավելյալ 17 արհեստական շնչառության շարժական սարք ձեռք բերելու գործը: Սահման հասցնելու գործը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանատունը:

Շնչառական սարքերը հայկական կողմում ընդունող «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործընկերների կողմից տարվում են ինֆեկցիոն հիվանդանոցներ՝ ըստ նշանակակետի:

Այս պահին Թբիլիսիում ՀՀ-ին օգնելու զուգահեռ մի քանի նախաձեռնություն է ընթացքի մեջ: Նախօրեին մեկնարկել է «Մեկ դիմակ՝ մեկ կյանք» նշանաբանով դրամահավաքը:

GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) մարդիկ գումար են փոխանցում, որով դիմակներ են գնվելու ՀՀ-ում բնակվող սոցիալապես անապահով խմբերի համար, ովքեր առավել շատ ունեն դրանց կարիքը, կամ ստիպված են գործի բերումով հաճախ օգտվել տրանսպորտից, կամ լինել մարդաշատ փակ տարածքներում:

«Հայաստանի ընկերներ — Վրաստան» նախաձեռնությունը շարունակվում է, Հայաստանն ունի շնչառական սարքերի, հիվանդատեղերի, դիմակների, բուժման ու պաշտպանիչ այլ միջոցների կարիք…