Վրաստանի Հիվանությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Նինոծմինդայի շրջանի Ղաուրմա գյուղի բնակիչը, ում կրկնակի հետազոտության են տարել և ում մոտ կորոնավարակ են հայտնաբերել, վարակի տարածող չի հանդիսանում։ Նա կոչ է անում Ջավախքի բնակիչներին խուճապի չմատնվել և չանհանգստանալ։
Երեկ, հունիսի 3-ին Ղաուրմա գյուղի բնակչին մանրակրկիտ հետազոտել են կորոնավարակի համար։ Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ այս մարդն արդեն տարել է հիվանդությունը և այն ժամանակ, երբ նրան դուրս են թողել կարանտինից, արդեն նա չէր կարող վարակ տարածել։
«Նա արդեն գնտվում էր ռեկոնվալեսցենցիայի փուլում, այսինքն՝ առողջացման շրջանում։ Քանի որ դիֆերենցացիա չի եղել, մի անգամ PCR թեստի արդյունքը բացասական է ցույց տվել: Նա ուզեցել էր ավելի շուտ գնալ որպեսզի մասնակցի հուղարկավորության։ Այս հիվանդությունը չի տարածվում 11-րդ օրից հետո, դրա համար ղեկավարությունը որոշել է նրան բաց թողնել կարանտինի տարածքից, այս պահի դրությամբ նա չի համարվում վարակ տարածող», – ասում է նա։
Կրկնակի թեստը կատարվել է 12-րդ օրը, երբ Հիվանդությունների վերահսկման կենտրոնն իմացել է, որ թեստը ցույց է տվել վիրուսի թույլ-դրական առկայություն: Այդ պատճառով էլ որոշվել է մանրակրկիտ հետազոտության ենթարկել և Ղաուրմայի բնակչին տեղափոխել են Գորիի զինվորական հոսպիտալ։
«Երեկ կատարվել է արյան և քսուքի խորը հետազոտություն։ Մենք հետազոտեցինք արյան մեջ հատուկ հակամարմինների առկայությունը, որոնք ցույց են տալիս, թե մարդը հիվանդությունը տարել է, թե՝ ոչ։ Արյան մեջ կային հակամարմիններ, այսինքն նա արդեն հիվանդությունը տարել է։ Երբեմն քսուքում վարակի մնացորդները երկար են պահպանվում, չնայած դրանք արդեն չեն տարածվում», – բացատրում է նա։
Այն մարդու, որի հետ Ղաուրմայի բնակիչը միասին է եղել կարանտինի ժամանակ, թեստը բացասական է եղել, բայց Կենտրոնն, այնուամենայնիվ, որոշել է հիվանդին հսկողության տակ վերցնել ևս մի քանի օր: Նրա ընտանիքի անդամները նույնպես հետազոտվում են: Ղաուրմայում գյուղի բնակիչներին բացատրվել է, թե ինչպես պետք է զգուշության համար գյուղում վերահսկողություն իրականացվի, այսինքն՝ բնակիչները պետք է անընդհատ չափեն իրենց ջերմությունը…
«Մենք մտածում ենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգ չկա: Սակայն կշարունակենք հետազոտել և հետևել: Ախալքալաքում և Նինոծմինդայում տեղեկացրեք, որ չանհանգստանան, մեր մոտ այս դեպքը վերահսկողության տակ է և արտակարգ ոչ մի բան չկա: Պետք չէ խուճապի մատնվել», – կոչ է անում Գամղրելիձեն: