Այսօրվանից՝ մայիսի 20-ից, մեկնարկել է Վրաստանի կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների սեփականատերերի խթանում» ծրագիրը, որի շրջանակներում հողատերերը կստանան նաև կտրոններ` դիզելային վառելիքի համար զեղչով: Այս կտրոնները կարելի է ստանալ Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում, Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության գյուղերի և գյուղատնտեսական ձեռնարկությունների զարգացման գործակալության տեղեկա-խորհրդատվական կենտրոնում, ինչպես նաև Արդարադատության տանը:

Այսօր Ախալքալաքում սկսվել է վառելիքի կտրոնների բաժանումը: Ելնելով անվտանգության և վիրուսների չտարածման նկատառումներից՝ տեղեկա-խորհրդատվական կենտրոնում կարող է լինել միայն 2 այցելու: Իսկ Արդարադատության տանը կտրոն ստանալու համար հարկավոր է նախապես գրանցել այցը՝ my.gov.ge կայքում:

Ֆերմերները կարող են դիզելային վառելիքը գնել ցածր գներով միայն «SOCAR Georgia Petroleum»-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել է Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և «SOCAR Georgia Petroleum» ընկերության տնօրեն Լևան Գիորգաձեի կողմից: Ջավախքում այս ընկերությունը չունի իր սպասարկման կենտրոնները, ֆերմերները պետք է գնան Ախալցիխե՝ կտրոնն օգտագործելու համար: Սակայն, հնարավոր է, որ ընկերությունը պայմանագիր կնքի տեղական գազալցակայանների հետ` հաճախորդներին սպասարկելու համար:

Վառելիքի զեղչի կտրոնները տրամադրվում է գյուղատնտեսական նշանակության հողամասերի (բացառությամբ արոտավայրերի) այն սեփականատերերին, որոնք ունեն Հանրային ռեեստրում 0.25 հեկտարից սկսած գրանցված հողատարածքներ: Դա կարող է լինել սեփականատերը, համասեփականատերը, իրավաբանական անձը կամ անհատը: Համասեփականատերերի դեպքում կտրոնի համար դիմողը պետք է ներկայացնի լիազորագիր այլ սեփականատերերից (եթե նրանք 2-ից ավելի են, և միևնույն ժամանակ չեն կարող մտնել գրասենյակ):

Կտրոնի օգնությամբ գյուղացին կարող է վառելիքը գնել 20 թեթրի զեղչով (պետական տենդերում ֆիքսված գնից), եթե այն ձեռք է բերվում մեծածախ ընկերություններից, իսկ «SOCAR»-ի բենզալցակայաններից՝ 16 թեթրի զեղչով:

1 հա գրանցված հողատարածքի համար գյուղացին կստանա մեկ կտրոն` 150 լիտր վառելիքի զեղչով, 10 հեկտարի դեպքում` 1 500 լիտրի համար, իսկ առավելագույնը` 15000 լիտրի համար, եթե անձն ունի ավելի քան 100 հա տարածք: Այսինքն, ավելի քան 100 հեկտար տարածք ունեցող սեփականատերերը կկարողանան օգտվել դիզելային զեղչից ոչ ավելի, քան 15 000 լիտրի համար:

Եթե հողամասի սեփականատերը դեռ չի գրանցել սեփականությունը հանրային ռեեստրում, ապա նա կարող է գրանցել այն, ապա դիմել իր կտրոնի համար: Այս ծրագրից օգտվելու են ավելի քան 200 հազար ֆերմերներ: Կտրոնը հնարավոր է օգտագործել մինչև 2020 թվականի ավարտը: