Երեկ Ախալքալաքում ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի մարդկանց միջև, Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել բռնության փաստի առթիվ: «Վրաստանի հայրենասերների դաշինքի» առաջնորդը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ բռնություն է կատարվել «պատգամավոր Հենզել Մկոյանի խմբավորման անդամի կողմից»:
Մայիսի 8-ին Ախալքալաքում ծեծկռտուք է տեղի ունեցել Խոսպիո գյուղի բնակիչների և Արարատ Համբարյանի միջև, որը դատապարտվել էր 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Միավորված ընդդիմության շտաբի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի աղմկոտ գործի առթիվ: Այդ ժամանակ ծեծկռտուքը տեղի էր ունեցել խորհրդարանի անդամ Հենզել Մկոյանի հարազատների ու աջակիցների և ընդդիմության շտաբի ակտիվիստների միջև: Արարատ Համբարյանը, Հենզել Մկոյանի մոտ բարեկամների հետ միասին, դատապարտվել էր «առողջությանը թեթև վնաս պատճառելու» համար և որպես պատիժ տուգանվել էր 3000 լարիով:
Jnews-ին ծեծկռտուքի հստակ պատճառը հայտնի չէ, բայց ըստ առկա տեղեկությունների՝ ֆիզիկական դիմակայության վերածված թերահասկացումը զուտ հակամարտության կողմերի գործն է եղել:
Ծեծկռտուքից մի քանի ժամ անց «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության առաջնորդ Իրմա Ինաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեղադրելով «Վրացական երազանքի» առաջնորդների ելուզակներին և հանցագործությունները թաքցնելու մեջ, մասնավորապես, այս դեպքի առթիվ մեղադրելով խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին:
«Ախալքալաքում Հենզել Մկոյանի խմբավորման անդամները դաժանորեն ծեծի են ենթարկել Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղի բնակիչներին՝ Արտակ Բարեկյանին և Արա Խրիմյանին: Մեր տեղեկություններով՝ նրանց ծեծի է ենթարկել Արարատ Համբարյանը, որը Հենզել Մկոյանի խմբավորման առաջնորդներից է: Ֆիզիկական բռնությանը նրա հետ միասին մասնակցել են ևս երկու հոգի: Արարատ Համբարյանը Հենզել Մկոյանին պատկանող բենզալցակայաններից մեկի կուրատորն է:
Դիմում եմ երկրի ղեկավարությանը` պաշտպանեք Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչության անվտանգությունը զինված խմբավորումից, որը գլխավորում է «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանը: Թող մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն դադարի թաքցնել ավազակներին», – գրում է Իրմա Ինաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստը հետաքննվում է Վրաստանի ՔՕ 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «դ» ենթակետերով, ինչը ենթադրում է երկու կամ ավելի անձանց նկատմամբ հանցախմբի կողմից կատարված բռնություն: