Ախալքալաքում ջերմություն ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսի կասկածելի դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնից: Կորոնավիրուսով վարակվածների մասին ասեկոսեները, որոնք տարածվում են Ախալքալաքում և գյուղերում, չեն համապատասխանում իրականությանը:

Եթե մարդը ջերմություն ունի, նա զանգահարում է շտապօգնության ծառայություն՝ 112, այնտեղից նրանք տեղյակ են պահում տեղական հիվանդանոցին, որն էլ արձագանքում է՝ ուղարկում է կամ թաղային բժշկին, կամ շտապօգնություն, որը հիվանդին կբերի հիվանդանոց: Թաղային բժիշկը, եթե չկա կորոնավիրուսի ախտանիշներ, հիվանդին բուժում է տանը, նշանակումներ անում և անընդհատ վերահսկում է հիվանդի առողջության փոփոխություններին: Եթե բժշկի մոտ կորոնավիրուսի ախտանիշների կապակցությամբ կասկածներ են առաջանում, ապա նա պետք է տեղյակ պահի տեղի հիվանդանոցին: Ռեանիմոբիլը գալիս է հիվանդի ետևից, որպեսզի տանեն և ստուգեն արդյո՞ք տվյալ մարդը վարակված է, թե ոչ, բայց Ախալքալաքում նմանանատիպ ոչ մի դեպք չի գրանցվել:

Բացառությամբ մեկ դեպքի, երբ հիվանդը մարտի 27-ին Թբիլիսի էր տեղափոխվել հետազոտվելու, ոչ թե այն պատճառով, որ նրա մոտ նկատվել է կորոնավիրուսի ախտանիշներ, այլ այն պատճառով, որ նա շատ անհանգիստ էր:

Այդ դեպքից բացի, Ախալքալաքում ոչ ոքի կորոնավիրուսի հետ կապված ստուգում չի անցել:

«Չի կարող լինել այնպես, որ նման դեպք լիներ և մենք տեղյակ չլինեինք: Ոչ միայն Ախալքալաքում, այլև Սամցխե-Ջավախքի ոչ մի մունիցիպալիտետում, կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել», – ասում է ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանը:

Նա ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը լինել այնքան գիտակից, որ այս իրավիճակը չփոխվի:

«Դեպքեր չկան, և չեն լինի, եթե բոլորս հետևենք անձնական հիգիենայի կանոններին և չխախտենք կառավարության կողմից հաստատված սահմանափակումները՝ բժիշկների վիրուսի չտարածման հետ կապված առաջարկությունների հիման վրա», – ասում է նա:

ՀԱԿ-ի տնօրենը նշում է, որ մասնավորապես շատ կարևոր է, որ բոլորը պահպանեն հիմնական և պարզունակ կանոնները.

– Անընդհատ լվացեք Ձեր ձեռքերը օճառով և ախտահանեք հակասեպտիկով, հատկապես ուտելուց առաջ և այն բանից հետո, եթե փողոցից կամ այլ տեղից եք վերադարձել:
– Ստիպեք ինքներդ Ձեզ չդիպչել Ձեր դեմքին, եթե դեռ ձեռքերը չեք լվացել կամ ախտահանել:
– Խուսափեք ավելորդ անգամ տանից դուրս գալուց:
– Մի հավաքվեք մեկ վայրում ավելի քան 3 հոգի, եթե դա Ձեր սեփական տունը չէ և Ձեր ընտանիքի անդամները չեն:
– Տանից դուրս գալիս և մարդաշատ վայրերում գտնվելիս՝ խանութներում, դեղատներում, բանկերում, անհրաժեշտ է պահպանել առնվազն 1 մետր հեռավորություն:

«Եթե մենք բոլորս ուզենանք և ջանանք, ապա կկարողանանք դուրս գալ այս համաճարակից՝ թույլ չտալով, որ վիրուսը հասնի մեր տարածաշրջան», – ասում է նա: