Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարության հետ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն այն մասին, որ այդ երկրները «կանաչ գոտի» կապահովեն Հայաստանի համար նախատեսված բեռների համար:

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել:

Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին», – ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում հանդիպելով արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Վարչապետը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ կան: