Ջավախքի պաշտպանված տարածքների շարքում, Բորժոմի-Խարագաուլիի հետ միասին, այս տարի Սամցխե-Ջավախքում կհայտնվի նոր ազգային պարկ` ավելի քան 11 000 հա տարածքի վրա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Կառավարությունը որոշում է կայացրել Սամցխե-Ջավախքի շրջանում ստեղծել Էրուշեթի ազգային պարկը՝ Ախալցիխեի և Ասպինձայի մունիցիպալիտետների տարածքում: Ըստ վարչապետի՝ սա կարևոր է նաև միջսահմանային համագործակցության համար:

«2019 թվականին պահպանվող տարածքների ընդհանուր ծավալն աճել է 10%-ով և կազմել երկրի տարածքի 9.6%-ը: Այնուամենայնիվ, սա առավելագույն ցուցանիշ չէ: Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2020 թվականին 100 հազար քմ-ով ավելացնել պահպանվող տարածքների ծավալը: Այսօր մենք որոշում ենք կայացնում ստեղծել Էրուշեթի ազգային պարկը, որը գտնվում է սահմանային գոտում, և որը չափազանց կարևոր է լինելու միջսահմանային համագործակցության և Կարմիր գրքում ներառված տեսակների պահպանման համար», – հայտարարել է Գախարիան:

Ըստ օրինագծի՝ Էրուշեթիի պաշտպանված տարածքները կներառեն Ասպինձայի մունիցիպալիտետի Խեոթի գյուղը և Ախալցիխեի մունիցիպալիտետի Աբաթխևի, Մինաձե, Մեսխի, Փոքր Փամաջ, Սաձելի, Ուրավելի և Ծղալթբիլա գյուղերը:

Գախարիան նաև ասել է, որ Բորժոմի-Խարագաուլի պարկի պահպանվող տարածքներն ընդլայնվում են 4 հազար քմ-ով:

«Սա նշանակում է, որ այս եզակի տարածքն ավելի արդյունավետ կկարողանա պահպանել տեսակները: Մասնավորապես, մենք խոսում ենք Փոքր Կովկասի արևմտյան լեռնաշղթաներում ազնիվ եղջերուների և քարայծերի համար միջանցք ստեղծելու մասին: Դա շատ կարևոր է «Կարմիր գրքում» ներառված կենդանիներին փրկելու համար», – հայտարարել է Գախարիան:

Հիշեցնենք, որ Վրաստանում կա 13 պետական արգելոց, 10 ազգային պարկ, 41 բնական հուշարձաններ և երկու պահպանվող լանդշաֆտ: Առաջին պահպանվող տարածքը` Լագոդեխիի պետական արգելոցը, Վրաստանում ստեղծվել է 1912 թվականին:

Այսօրվա դրությամբ, պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 520 811 հա, ինչը կազմում է երկրի տարածքի մոտավորապես 8,6%-ը: Պահպանվող տարածքների մոտ 75%-ը անտառապատված է: