Ախալքալաքի Ազատության փողոցի սառցե ծածկույթի հարցը դեռ լուծված չէ: Քաղաքապետարանը խոստացել է խնդիրը լուծել հաջորդ շաբաթ՝ երկուշաբթի օրը:
Արդեն մի քանի օր է, ինչ Ազատության փողոցի վերջում գոյացել է մեծ մերկասառույց: Արդյունքում, փողոցի այս հատվածում երթևեկությունը դարձել է միակողմանի, և եթե երկու կողմից էլ վարորդները չափազանց զգույշ չլինեն, նրանք կարող են բախվել միմյանց:
Քաղաքային փողոցների ձնամաքրման աշխատանքների տենդերը շահել է «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:
Հունվարի 22-ին «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեն ասել էր, որ ընկերությունը կփորձի որքան հնարավոր է շուտ լուծել այդ հարցը:
«Քաղաքապետարանից մեզ երեկ են տեղեկացրել: Այսօր մենք կգնանք,վկտեսնենք, թե ինչպես կարելի է լուծել այս հարցը և շուտով այն կլուծվի», – ասել էր Ձիրկվաձեն հունվարի 22-ին Jnews-ին տված հարցազրույցում:
Սակայն, այսօր նա հաղորդել է, որ դա նրանց խնդիր չէ, քանի որ տենդերային փաստաթղթերը չեն նախատեսում էքսկավատորի աշխատանքներ:
«Մենք տեսանք տեղայնքը, ուղեհարթիչը չի կարող մաքրել սառույցը, դրա համար անհրաժեշտ է էքսկավատոր, իսկ դա մենք չենք պարտավոր անել», – ասում է Ջաբա Ձիրկվաձեն:
Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ այսօր նրանք զրուցել են «Ջավախ Ավտո Գզա» ընկերության տնօրեն Ջաբա Ձիրկվաձեի հետ, և նա երկուշաբթի խոստացել է լուծել այս հարցը:
Քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել են անձամբ վերահսկել, որպեսզի այս հարցը լուծվի: