Հունվարի 16-ին Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում վիճաբանություն է եղել գյուղի բնակիչների և Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի նախագահի միջև, որն ավարտվել է ծեծկռտուքով: Երկու հոգի այս պահի դրությամբ թեթև վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում:

Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը Գորելովկա գյուղի բնակիչ է:

Ըստ գյուղացիների, հարևանների միջև վեճն սկսվել է ջրի համար: Նախ լեզվակռիվ է եղել, ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի: Ըստ տեղացիների` Սակրեբուլոյի նախագահը, որդին և եղբոր որդին վնասվածքներ են ստացել դեմքի և գլխի հատվածում:

Գորելովկա և Փոկա գյուղի բնակիչները դուրս են եկել Սակրեբուլոյի նախագահի դեմ՝ պահանջելով հավասար իրավունքներ: Ինչպես «Ալիքի» հետ զրույցում ասել է Փոկա գյուղի բնակիչներից մեկը, գործին է խառնվել նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, իր մոտ կանչել գյուղացիներին, ինչին ի պատասխան գյուղացիներն ասել են, որ պատգամավորն ինքը ժամանի գյուղ. «Մենք շատ ենք, թող ինքը գա», — պատասխանել են գյուղացիները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի վերաբերյալ քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով հետաքննություն է սկսել, ինչը ենթադրում է բռնություն: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Գորելովկայում երկուշաբթի օրը սպասում են նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսո Ամիրանաշվիլիին:

Լուսանկարը` Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահի ֆեյսբուքյան էջից