Արդեն մոտենում են տոները, երկրի տարբեր քաղաքներում սկսել են զարդարել փողոցներն ու հրապարակները, բոլորի մոտ նախատոնական տրամադրություն է։ Սակայն Ախալքալաքում տարիներով իրավիճակ չի փոխվում, այստեղ դեռ սպասում են տենդեր-մրցույթի ավարտին, որպեսզի սկսեն տոնական զարդարել քաղաքը։

2017 թվականին Ախալքալաքի քաղաքապետարանը 10 մետր երկարությամբ և 5 մ տրամագծով եղևնի ձեռք բերեց։ Ինչպես անցած 2 տարին, այս տարի ևս կտեղադրվի նույն տոնածառը։ Քաղաքի և տոնածառի զարդարանքի համար արդեն հայտարարվել է տենդեր-մրցույթ, որի նախնական գումարը կազմում է 19 500 լարի, իսկ վերջնաժամկետը դեկտեմբերի 6-ն է։

Ախալքալաքի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետ Վալերի Ստելմաշովն ասում է.

«Մենք ունենք տոնածառ, անցած տարվանն է: Հիմա արդեն տենդեր ենք հայտարարել տոնածառը հավաքելու և զարդարելու համար, ինչպես նաև անցած տարվանից ունենք խաղալիքներ, ինչ-որ պակասում է դա էլ պետք է գնենք։ 15 000 լարի նախատեսված է զարդարելու, նվերների և այլնի, իսկ 4500 լարի նախատեսած է հրավառության համար։ Մի մեծ պայթուցիկ քաղաքի և փոքր պայթուցիկներ 64 գյուղի համար», – ասաց Վալերի Ստելմաշովը։

Ըստ տարածված խոսակցությունների՝ ամանորյա գլխավոր տոնածառը կկանգնեցվի քաղաքի կենտրոնում, իսկ Ազատության փողոցը միակողմանի փակ կլինի երթևեկության համար: Սակայն Վալերի Ստելմաշովը Jnews-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նման մտադրություն եղել է, բայց, քանի որ մինչև Նոր տարի քաղաքը բեմ չի ունենա, այդ իսկ պատճառով ծրագիրը փոփոխության է ենթարկվել։

Նշենք, որ մշակութային միջոցառումներն ներկայանալի իրականացնելու նպատակով Ախալքալաքի մունիցիպալիտետն Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) հետ համաֆինանսավորմամբ ձեռք կբերի հավաքվող շարժական բեմ:

«Պետք է բեմ հավաքեինք, որի համար նույնպես տենդեր-մրցույթ ենք հայտարարել, իհարկե մինչև նոր տարի տենդերը հաղթողը պարզ կլինի, սակայն բեմը պետք է բերվի Չինաստանից, որի համար 3 ամիս է պահանջվում: Ճիշտ է այս տարի չի լինի, բայց վերջիվերջո մենք կունենանք պրոֆսիոնալ բեմ։ Եթե բեմը լիներ, մենք այն կտեղադրեինք փողոցում և փողոցը կփակեինք, դրա համար հիմա մենք դեռ չգիտենք փողոցը կփակենք, թե ոչ»,- հավելեց Ախալքալաքի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետը։

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, ծրագրային առումով ևս փոփոխություններ չեն լինի այս տարվա միջոցառումների ցանկում: Հիմանականում անցած տարվա ծրագրի կրկնությունն է լինելու, սակայն ձմեռ պապ, ձյունանուշ, ծաղրածուներ և հեքիաթների հերոսները կհրավիրվեն դրսից, և իհարկե կլինի համերգային մաս, որը կապահովեն տեղական երգի-պարի խմբերը: Ֆինանսական միջոցների սղության պատճառով դրսից արտիստներ չեն հրավիրվի։

«Մենք նաև պետք է նվերներ գնենք 800 հատ, բացի այն, որ մանկապարտեզների համար ենք առանձին նվերներ գնում, պետք է միջոցառման ժամանակ ևս նվերներ բաժանենք», – ավելացրեց Վալերի Ստելմաշովը։

Ախալքալաքի մշակույթի, սպորտի, կրթության և երիտասարդության հարցերով ծառայության պետը նշեց. «Ինչքան շուտ սկսվի քաղաքի զարդարման գործընթացը, այդքան լավ»:

Գայանե Ակոջյան