Նոյեմբերի 12-ի երեկոյան, Ախալքալաքի Ազատության փողոցի հետիոտնային անցման վրա ավտոմեքենան հարվածել է հետիոտնին: Վերջինս գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում, բայց քննարկվում է տուժածին կամ Թբիլիսի, կամ Երևան տեղափոխելու հարցը:

Պատահարը տեղի է ունեցել Ազատության փողոցում՝ Ռուսթավելիի խաչմերուկի մոտ, ժամը 18:00-ի սահմաններում: Ըստ ականատեսների, հետիոտնն ուզել է անցնել ճանապարհը, այնուհետև, երբ նա տեսել է, որ մեքենա է գալիս՝ կանգ է առել, այդ պահին մեքենան արագությունը դանդաղեցրել է, սակայն թե՛ վարորդը, և թե՛ հետիոտնը, ըստ երևույթին, մտածելով, որ մյուսը ճանապարհը զիջում է, շարժվել են առաջ, որի արդյունքում մեքենան հարվածել է հետիոտնի ոտքերին և նա ընկել է: Հետիոտնի ոտքը կոտրված է, սակայն կա նաև գլխի վնասվածք: Չնայած Ախալքալաքի հիվանդանոցում ասել են, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, խորհուրդ են տվել տուժածին տեղափոխել մայրաքաղաք:

Այս փաստի կապակցությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել, գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի երկրորդ մասով: Վերոնշյալ հոդվածը ենթադրում է «Անվտանգ երթևեկության կանոնների խախտում կամ դրա շահագործում, ինչը ոչ այդքան ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը»: Այս հոդվածը մողավորին պատժում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով: