Ախալքալաքի մունիցիպալիտետի Վարևան գյուղի ակումբի մի մասը վերանորոգվել էր անցյալ տարի, սակայն այն նորից վերանորոգման կարիք ունի: Արդեն մի քանի ամիս է, ինչ շինարարական ընկերությունը խոստանում է վերանորոգումն իրականացնել իր միջոցներով, քանի որ աշխատանքները դեռ գտնվում են երաշխիքային ժամանակահատվածում, թեպետ ընկերությունը դեռ կոնկրետ ժամկետներ չի նշում:

Վարևան գյուղի բնակիչները բողոքում են, որ դեռ մեկ տարի չի անցել, իսկ ակումբի նորոգումն արդեն փչացել է: Վերականգնումից մեկ տարի անց, Վարևան գյուղի ակումբը նորից վերանորոգման կարիք ունի, որը պետք է իրականացնի «Իակոբ» ՍՊԸ-ն՝ 2 տարվա երաշխիքով ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Եթե 2-3 ամիս առաջ սվաղը խոնավությունից թափվում էր վերանորոգված սենյակի պատերի ստորին մասերից, ապա այսօր վայր են ընկել առաստաղի շրիշակները:

«Մենք գրեցինք դիմում առ այն, որ վերանորոգումը փչացել է, մեզ ասացին, որ դա ընկերության մեղքն է, և նա էլ պետք է վերանորոգի», – ասում է Վարևան գյուղի բնակիչ Քերոպ Աբաջյանը:

Ըստ գյուղացիների՝ արդեն անցել է մի քանի ամիս, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում ակումբը կրկին վերանորոգելու խնդրին:

Varevan 3

«Իակոբ» ՍՊԸ-ի տնօրեն Զուրաբ Խոզրևանիձեի խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե ընկերությունը, երբ կշտկի վնասված վերանորոգումը:

«Ես հստակ չեմ կարող ասել, թե երբ կլինի դա, ընկերության ներկայացուցիչը Ախալքալաքում է, որը զբաղվում էր պայմանագրերով, նա այժմ գտնվում է արտերկրում, մի քանի օրից կարող եմ հստակ ասել, թե երբ կշտկվի վնասված վերանորոգումը», – ասում է «Իակոբ» ՍՊԸ-ի տնօրեն Զուրաբ Խոզրևանիձեն:

Varevan 2

Ախալքալաքի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ տենդերային պայմանները ընկերության կողմից կատարվել են, սակայն ընկերությունը տուգանվել է այն պատճառով, որ չի հասցրել սահմանված ժամկետներում իրականացնել վերանորոգման աշխատանքները, սակայն, դրանք ավարտելուց հետո, Ախալքալաքի քաղաքապետարանն ընդունել է Վարևան գյուղի ակումբի վերանորոգման աշխատանքները:

Ըստ ընկերության ներկայացուցիչ Մալխազ Քոչալիձեի՝ ակումբի վերանորոգումը փչացել է տանիքի հետ կապված խնդրի՝ մշտական խոնավության պատճառով (մրցութային պայմաններում տանիքի վերանորոգումը ներառված չի եղել), դրանում իր դերն է խաղացել իր հերթին օդափոխության բացակայությունը:

Պետությունը՝ տեղական ինքնակառավարման հետ միասին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի ակումբի և Վարևան գյուղի ակումբի վերանորոգման համար հատկացրել է 174 451 լարի:

Ընդհանուր գումարից Վարևան գյուղի ակումբի վերանորոգման համար հատկացվել է 61 408 լարի, որից 58 337 լարին հատկացվել է պետբյուջեից, իսկ մնացածը` տեղական բյուջեից:

Երկու ակումբների վերանորոգման համար տենդերը շահել է «Իակոբ» ՍՊԸ-ն՝ 139 561 լարիով:

Բրատիսլավ Իգիթխանյան