Հուլիսի 2-ի գիշերը Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում խիստ ցրտահարությունից վնասվել են կարտոֆիլի սածիլները: Հողագործները մտահոգված են, թե ինչպես դա կանդրադառնա կարտոֆիլի բերքի վրա:

«Ախալքալաքյան կարտոֆիլ» ասոցիացիան տարածում է այդ մասին տեղեկատվություն և լուսանկարներ, ինչպես նաև խորհուրդ է տալիս հողագործներին, թե ինչպես կարելի է «փրկել» իրավիճակը:

«Սպասեք 1-2 օր, և դրանից հետո՝ կարտոֆիլի բերքը փրկելու համար, դաշտերում շաղ տվեք ֆունգիցիդներ, միկրոէլեմենտներ և խթանիչներ», – գրում է «Ախալքալաքյան կարտոֆիլ» ասոցիացիան իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովն ասում է, որ այս վեգետատիվ փուլում ցրտահարությունից կորուստը, կախված կարտոֆիլի սորտից, սառնամանիքի ուժից կարող է կազմել 5%-ից մինչև 15%, և որ կարտոֆիլագործների, աճեցողների կողմից վերականգնման գործողությունների դեպքում այդ տոկոսը կարող է կրճատվել: