Մեղվապահ Արտյուշ Հակոբյանը գտնում է, որ շրջանում մեղվապահության զարգացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն:

«Ծնված օրվանից մինչև հիմա մեղուների մեջ եմ, առանց նրանց չեմ կարող ապրել, եթե փեթակը չլինի, ես էլ չեմ լինի: Մեր գերդաստանում բոլորը մեղուներ են պահել: Ջահել տարիներիս, երբ պետական գործի էի աշխատում, ժամանակ չունեի, բայց ինձ շատ հետաքրքիր էր, բացի հետաքրքրությունից նաև ծնողներիս էի օգնում և չհասկացա էլ ինչպես ինքս սկսեցի պահել»,- պատմում է յոթանասունն անց մեղվապահը:

petak

Հակոբյանները շրջանում հայտնի են, որպես՝ Մեղրենք: Նրանց այսպես են կոչում, որովհետև պապոց պապ նրանք Ախալքալաքում մեղվապահությամբ են զբաղվում:

Արտյուշ Հակոբյանն իր տան բակում հաշված թվով փեթակներ ունի: Վերջինս սրան իր բացատրությունն է տալիս՝ պետական աջակցություն է հարկավոր շրջաններում մեղվապահությունը զարգացնելու համար:

«Գոնե երիտասարդ մեղվապահներին ինչ-որ բանով շահագրգռեն: Այսպես ասած՝ մեղրին տեր կանգնեն, լաբորատորիա ունենան, որ Եվրոպա կարողանանք արտահանել: Բնական է, մենք էլ ենք ուզում արտասահմանայան շուկա դուրս գալ, բայց գործը խոսակցությունից այն կողմ չի անցնում: Օդի մեջ ասում են, բայց կոնկրետ ոչ մի բան չկա»,- ասում է Արտյուշը:

Hakobyan

Մեղվապահը համեմատում է, եթե Վրաստանում մեկ կիլոգրամ մեղրը դժվարությամբ 18-20 լարիի է վաճառվում, ապա Եվրոպայում եվրոյով է նույնքան: Բայց Վրաստանում համապատասխան լաբորատորիա չկա, որտեղ հնարավոր կլինի եվրոպական չափանիշներին համապատասխան բոլոր ստուգումներն անել:

«Մինչև այսօր նորմալ լաբորատորիա չունենք, մի հատ Ախալցխայում կա, մի հատ էլ Թբիլիսիում: Այն էլ էլի չեն կարող լրիվ բոլոր բաղադրիչներով անալիզ ացկացնել, եվրոստանդարտներին համապատասխան 37 բաղադրիչ պետք է ստուգվի»,- նշում է Արտյուշը:

pexakner

Jnews-ի այն դիտարկմանն արդյո՞ք Ջավախքի մեղրը պարունակում է անտիպիոտիկներ, նա ասաց՝ շատ հնարավոր է: Բոլորը էկոլոգիա են ասում, բայց իրականում էկոլոգիային տեր կանգնող չկա, հիմա այնքան շատ են օգտագործում թունաքիմիկատներ, որ արդեն ճանճ էլ չկա:

«Պետությունը պետք է սահմանափակումներ մտցնի: Ճիշտ է դեղել թույլատրվում է, բայց կոնկրետ ժամերի՝ առավոտ շատ կանուխ, երբ նոր է լուսանում, և երեկոյան ժամը 6-7-ից հետո, երբ մեղուները փեթակ են վերադառնում, այսինքն՝ նրանց թռիչքի ժամն ավարտվում է: Այսօր փեթակը ջարդվում-վերջանում է, մարդիկ գալիս ասում են ղուղան բացում ես մեջը մեղր կա, բայց մեղու չկա», – սրտնեղում է յոթանասունն անց մեղվապահը:

2006 թվականի Արտյուշ Հակոբյանը և ևս 18 մեղվապահ Ախալքալաքի մեղվապահների ասոցացիա են ստեղծում «Mercy Corps» կազմակերության հետ:

banka

«18 հոգով ասոցացիա բացեցինք, մեղրը ֆասովկա արեցինք, լավ մեղվապահներ էին հավաքված, լավ էլ աշխատում էինք, հետո ամեն ինչ տարեցտարի փոխվեց: Գնորդ չկա, արտահանման շուկա չունենք, արտադրելը մի բան է, իսկ ապրանքն իրացնելը՝ մեկ այլ: Առաջինը ժողովուրդը փող չունի, գնացեք, տեսեք խանութներն ինչքան հացի պարտք ունեն մարդիկ»:

Արտյուշ Հակոբյանը կլանված նայում է մեղուներին և ասում՝ յուրաքանչյուր փեթակի մեղուն գիտի իր տեղը. «Գալիս մտնում է իր տեղը` բեռնավորված»:

xuxa

Աղունիկ Այվազյան