Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում երեկ գիշերը հարձակվել են պահակի վրա եւ գոմից գողացել 32 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Սահմանապահները կարողացել են անասուններին վերադարձնել մինչև Թուրքիայի սահմանը հատելը, իսկ ավազակները թաքնվել են:

Թուրքիային սահմանամերձ Կարծախ գյուղում ավազակությունը եւ կողոպուտը տեղի է ունեցել մայիսի 20-ին, մոտավորապես ժամը 1:00-ին: Պահակ Սարգիս Գասպարյանի խոսքով, նա հեռախոսով է խոսել իր որդու հետ, երբ լսել է աղմուկ եւ շան հաչոց, բացել է շարժական տնակի դուռը, որտեղ նա գիշերել է, և զգալով որ ինչ-որ բան այն չէ, վերադարձել է ու փակել դուռը: Գողերը կրակոցով սպանել են շանը, ապա կոտրել վագոնի դուռը եւ ներս մտել:

«Մտան եւ պահանջեցին իմ հեռախոսը: Ես վրացերենով ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերենով պատասխանեց, թե ինչպես չես տա, եւ գլխիս հարվածեց հրազենի կոթով: Ես հասցրեցի նետել հեռախոսը: Հետո ինչ-որ բան փչեց աչքերիս, մտավ երկրորդը եւ սկսեցին կապել ձեռքերս: Պարանով կապեցին, ձեռնաշղթաներն անցկացրեցին, փակեցին բերանս եւ հեռացան: Նրանք զինվորական հագուստով էին: Վստահ եմ, որ նրանք գիտեին վրացերեն, նրանք թուրքերեն խոսում էին ակցենտով: Ես մի քիչ հասկանում եմ թուրքերեն», – ասում է Սարգիս Գասպարյանը:

kraja2

Սարգիս Գասպարյանը տեսել է երեք հոգու, իսկ, թե քանի հոգի են եղել ավազակները չգիտի: Պահակի տնակը գտնվում է գոմի ճակատային մասում: Հանցագործները գոմ են մտել պատուհանից ու անասուններին դուրս են բերել հակառակ կողմից:

Ավազակների հեռանալուց հետո, Սարգիս Գասպարյանը դժվարությամբ արձակել է պարանը, սակայն ձեռնաշղթան մնացել է ամրացված: Նա բացել է դուռը եւ վազել դեպի սեփականատիրոջ տուն: նրա խոսքերով, սկսել է գլխով հարվածել պատուհանին, մինչեւ որ արթնացրել է մարդկանց:

Անասունների սեփականատեր Ատոմ Հողմրցյանն անմիջապես զանգահարել է ոստիկանություն, հետո գնացել սահմանային անցակետ:

«Անցակետում ինձ ասացին, որ երբ ես ժամը 1:43-ին զանգահարել էի, նրանք ժամը 1:32-ին արդեն տեսել էին, որ անասուններ են տեղափոխում: Ասում են, որ նրանք (Խմբ: ավազակները) չորսն են եղել: Կրակոցներ են եղել, եւ գողերին չի հաջողվել խոշոր եղջերավոր անասուններին տեղափոխել, իսկ նրանք փախել են, սահմանապահները չեն կարողացել նրանց բռնել», – ասում է Ատոմ Հողմրցյանը:

Գողերը ձիերով են եղել: Անասունները հայտնաբերվել են բուֆերային գոտում եւ վերադարձվել: Սարգիս Գասպարյանին տեղափոխել են շտապօգնության մեքենայով: Նրա վերքը մշակել են, ներարկումներ արել եւ նույն օրը ցերեկը դուրս են գրել:

Ատոմ Հողմրցյանը եւ գյուղացիները վրդովված են: Սա սահմանամերձ գյուղերում անասունների գողության առաջին դեպքը չէ, իսկ Հողմրցյանի անասունների արդեն 3 գողության դեպքն է: Առաջին անգամ անվերադարձ գողացել էին նախանցյալ տարի՝ 34 գլուխ, անցյալ տարի գողացել էին 35 գլուխ անասուն, դրանք հայտնաբերվել եւ վերադարձվել էին: Բոլոր դեպքերում էլ անասունները տեղափոխվել են Թուրքիայի ուղղությամբ:

kraja

«Ինչպես է հնարավոր, որ սահմանապահները չտեսնեն սահմանը անցնող անասուններին: Նրանք կարող են մարդկանց էլ առևանգել, իսկ սահմանապահները չտեսնեն: Գիշերը կարող են սպանել մեզ, գողություն անել: Ինչի համար են նրանք (Խմբ. սահմանապահները) մեզ պետք, եթե չեն կարող մեզ պաշտպանել: Ինչ անենք մենք, վաճառենք ամեն ինչ եւ գյուղից հեռանանք: Ինչ հույսով մնանք գյուղում: Մարդիկ արդեն ուզում էին փակել ճանապարհը, բայց կանգ առան, տեսնենք հետագա իրավիճակն ինչ կլինի: Ես ուզում էի նայել հսկողության տեսագրությունը, նրանք ցույց չտվեցին, ասացին, որ թույլտվություն չունեն: Կարծում եմ մեր գյուղից ինչ-որ մեկը նրանց հետ կա, ով օգնում է նրանց», – ասում է Ատոմ Հողմրցյանը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Կարծախում տեղի ունեցած փաստի առնչությամբ, Վրաստանի Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով (Ավազակություն, այսինքն `հարձակում մեկ ուրիշի շարժական գույքի անօրինական յուրացման նպատակով, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող բռնությամբ կամ նման բռնության սպառնալիքով,որը նախատեսում է հինգից յոթ տարի ժամկետով ազատազրկում) սկսել է հետաքննություն:

Շուշան Շիրինյան