Նոր ջրատար է կառուցվելու, որով կլուծվի Սուլդա, Դադեշ, Բոզալի, Մյասնիկյան գյուղերի խմելու ջրի խնդիրը:

Այսօր, հունիսի 26-ին Ախալքալաքի Շրջանային ժողովում արտահերթ Բյուրոի նիստ գումարվեց: Նիստի օրակարգում Սուլդա-Դադեշ-Բոզալի-Մյասնիկյան գյուղերի խմելու ջրի խնդիրն էր:

Ընդհանուր ջրագծի երկարությունը 17 կմ է, իսկ խողովակի տրամագիծը 110 սմ է: Նոր կառուցվող ջրագիծը սարից հասնելու է մինչև Սուլդա գյուղի վերևում գտնվող ջրավազան, որտեղից 50 սմ տրամագծով խողովակով ջուրը բաշխվելու է 4 գյուղի:

Բյուրոյի անդամ Զաքար Զաքարյանն առաջարկեց յուրաքանյուր գյուղի ջուր առանձին խողովակով տանել:
«Բոլորս էլ գիտենք, որ մեր գյուղացիները դաշտերը ջրելու համար ծակում են խողովակը և մյուս գյուղը ավտոմատ զրկվում է խմելու ջրից: Առաջարկում եմ ընդհանուր ջրավազանից չորս առանձին խողովակներով ջուրը հասցնել գյուղեր»,- ասաց Զաքար Զաքարյանը:

Բյուրոյի նիստին ներկա անդամները միաձայն քվեարկեցին որպեսզի հարցը քննարկման և հաստատման համար տեղափոխվի շրջանային Ժողովի նիստի օրակարգ:

Ժամը 15:00-ին տեղի ունեցավ շրջանային ժողովի ընդլայնված նիստ: Ժողովին ներկա պատգամավորները միաձայն քվեարկեցին Սուլդա-Դադեշ-Բոզալի-Մյասնիկյան ջրատարի կառուցման օգտին: Հունիսի 29-ին Ախալքալաքի վարչությունը էլեկտրոնային մրցույթ կհայտարարի ջրագծի շինարարական աշխատանքների իրականացման համար:

Ջրատարի կառուցման բյուջեն կազմում է 600 000 լարի:

Վրաստանի կառավարության 16.06.2015 թվականի №1234 որոշման համաձայն միջոցներ է հատկացվել տեղական ինքնակառավարման միավորումներին:

Այսպիսով Ախալքալաքի շրջանային բյուջեն ավելացել է 600 322 լարիով: Փոփոխություններից հետո բյուջեի եկամուտը կազմում է 11 070 694 լարի, ծախսերը՝ 120 669 414 լարի, իսկ անցումային գումարը՝ 199 244 լարի:

Աղունիկ Այվազյան