Այն ամենից հետո, երբ որ տեխզննում չանցած մեքենաների տուգանման պրոցեսին միացան նաև «խելացի տեսախցիկները», ընդհանուր առմամբ տուգանվել է 6 654 տեխզննում չանցած մեքենայի վարորդ։

Հետազոտությունների և բարեփոխումների բաժնի պետ Բեքա Լիլուաշվիլիի խոսքերով, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 14-ը ճանապարհային ոստիկանության անձնակազմի կողմից տուգանվել է տեխզննում չանցած 2404 մեքենայի վարորդ։

Ըստ ներքին գործերի նախարարության տվյալների, «խելացի տեսախցիկների» տուգանումներից հետո ավելացել է տեխզննման կենտրոններ հաճախող վարորդների քանակը։

Հունվարի 14-ից «Խելացի տեսախցիկները» ավտոմատ ռեժիմով տուգանել են այն մեքենաներին, որոնք չեն անցել պարտադիր տեխզննումը։ Առաջին անգամ տուգանումը ֆիզիկական անձանց համար 50 լարի է, իսկ իրավաբանական անձանց համար 200 լարի։

Հիշեցնում ենք, որ 2019 թվականի հունվարից ավտոմեքենաների տեխզննումը պարտադիր է դարձել յուրաքանչյուր տեսակի տրանսպորտային միջոցի համար։  Զննման արժեքը թեթև տեսակի ավտոտրանսպորտի համար 60 լարի է, բեռնատար և մարդատար մեքենաների համար 100 լարի:

Մինչև չորս տարեկան մեքենաները տեխզննում չեն անցնելու, 4-ից 8 տարեկան մեքենաները զննում են անցնելու երկու տարին մեկ անգամ, իսկ 8 և ավել տարեկան տրանսպորտային միջոցները տեխզննում են անցնելու ամեն տարի: Տեխզննում չեն անցնի այն մեքենաները, որոնք անսարքություն ունեն, անսարքությունն ուղղելու համար վարորդներին տրվում է մեկ ամիս ժամանակ: Կրկնակի զննումն անվճար է, սակայն, եթե վարորդը չուղղի խախտումները, կտուգանվի 50 լարիով:

Տեխզննումն իրականացվում է մեքենայի գրանցման օրվան համապատասխան։ Օրինակ, եթե մեքենայի գրանցման վկայականը տրվել է 2013 թվականի նոյեմբերի 15-ին, տրանսպորտային միջոցը պետք է զննում անցնի մինչև 2019 թվականի նոյեմբերի 15-ը:

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն ավտոմեքենաների տեխզննման գործընթացը դյուրացնելու համար ստեղծել է թեժ գիծ, 1484 հեռախոսահամարով օպերատորները կօգնեն, որպեսզի սեփականատերերն առցանց գրանցվեն և տեխզննման համար օր նշանակեն։ Թեժ գիծն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից մինչև 18:00-ն: Ամբողջ Վրաստանում գործում է 40-46 կենտրոն։