Դեկտեմբերի 14-ին, հայ-վրացական սահմանին բողոքի ակցիայի մասնակիցներից Անդրանիկ Ղարսլյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է միացել և ասել, որ ինքը փողոց է դուրս եկել ի պաշտպանություն ՀՀ քաղաքացիություն ստացած երիտասարդների իրավունքների:
Անդրանիկ Ղարսլյանը մասնավորապես նշել է. «Ես այն մարդկանցից մեկն եմ, ով անցած օրերին, Հայաստանում, մեր Ջավախքի սոցիալական իրավիճակից դրդված ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած երիտասարդների իրավունքների պաշտպանության համար դուրս է եկել փողոց: Քանի որ մեր ակցիան շահարկումների տեղիք տվեց, հարկ եմ համարում որոշակի պարզաբանումներ ու պատասխաններ տալ»:
Անդրանիկ Ղարսլյանը պարզաբանում է, որ արդեն մեկ ամիս շարունակ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած եւ դեռևս 27 տարին չբոլորած ջավախքցի տղաներին, Ռուսաստանից՝ խոպանից վերադառնալիս, Հայաստանում բերման են ենթարկում, քրեական գործեր հարուցում՝ փաստաթղթեր կեղծելու ու բանակից խուսափելու համար:
«Իրականում այդ տղաները ակամայից էին հայտնվել նման անելանելի վիճակում: Որևէ՞ մեկը հարցրել է, թե ինչու՞ են նրանք ՀՀ քաղաքացիություն ստացել: Հիմնականում սոցիալական վիճակով պայմանավորված: Վրաստանում չկարողանալով գտնել աշխատանք, նրանք ՀՀ անձնագրով մեկնում են Ռուսասատան՝ արտագնա աշխատանքի, որպեսզի փող ուղարկեն տուն, իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները մեղմելու համար»,- ասում է Անդրանիկ Ղարսլյանը:
Հայ-վրացական սահմանը փակ է: Ջավախահայերը բողոքի ցույց են անում
Ցուցարարներին վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում
Ջավախքցիները հանդիպել են ՀՀ ոստիկանապետին
Ջավախքցիներին Հայաստանից չթողնելու պատճառները
Ախալքալաքի զինծառայությունը բացառում է կեղծ գրքույկների տրամադրումը
Վերջինս նշում է. «հիմա պարզվում է, ընտանիքը սովից փրկելու նպատակը կարող է հետևանքներ ունենալ: Նրանց մեղադրում են փաստաթղթեր կեղծելու և ՀՀ-ում բանակից խուսափելու մեջ: Հարյուրավոր երիտասարդներ հայտնվել էին մի վիճակում, որ վախենում էին տեղաշարժվել ու Նոր տարուն վերադառնալ իրենց ընտանիքներ: Իսկ մի քանիսին արդեն Երևանի օդանավակայանից ձերբակալել և սկսել էին քննչական գործողություններ: Պատկերացնում եք ինչ իրավիճակ էր ստեղծվելու, երբ հարյուրավոր, անգամ հազարավոր ջավախքցիներ քրեական հետապնդման սպառնալիքի տակ չէին կարողանալու տուն վերադառնալ ու անգամ տեղաշարժվել Ռուսաստանում: Սրան պետք էր լուծում տալ, խնդիրը պետք էր բարձրաձայնել, ու մենք դա արեցինք»:
Նշենք, որ դեկտեմբերի 14-ին Ջավախքի բնակիչները փակել էին հայ-վրացական սահմանը և հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամների հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում: Արդեն դեկտեմբերի 15-ին սահմանը փակած երիտասարդներին ընդունել էր ՀՀ ոստիկանապետը և խոստացել՝ դրական լուծում տալ իր իրավասության տիրույթում գտնվող հարցերին:
«Հանդիպեցինք Հայաստանի ոստիկանապետի հետ: Կառուցողական քննարկում ունեցանք: Նա հարցը ներկայացրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին եւ կարծես թե խնդիրը կարգավորվում է: Սա մեր ակցիայի արդյունքն է»- ասում է բողոքի հայ-վրացական սահմանը փակած երիտասարդներից Անդրանիկը:
Վերջինս միաժամանակ հավելում է, որ իրենց անհարկի քննադատողները ոչինչ չեն արել հարցի կարգավորման համար, փոխարենը իրենց տաքուկ տեղերում նստած տարված են եղել քաղաքական ու կուսակցական խաղերով:
«Մեզ քննադատում են Հայաստան-Վրաստան սահմանը փակելու մեջ: Թե իբր Հայաստանը պատերազմող երկիր է և ճանապարհը չպիտի փակվի: Նախ ակցիան տևել է մի քանի ժամ և նպատակը եղել է խնդրի բարձրաձայնումը, ոչ թե ճանապարհը կամ Հայաստանի մատակարարման ուղղին փակելը: Երկրորդ՝ մշտապես ջավախքցին պատերազմող Հայաստանի կողքին է եղել և աջակցել: Սա է իրողությունը», – եզրափակում է Անդրանիկ Ղարսլյանը:
Աղունիկ Այվազյան