Աքսաննա Ավետյանի երկու երազանքներից մեկն արդեն իրականություն է: Նա արդեն կարատեի աշխարհի առաջնության տիտղոսակիր է և ձգտում է հայտնի մարզիչ դառնալ:

11-ամյա Աքսաննա Ավետյանն ապրում է իր սեփական աշխարհով, որտեղ ինքն է սահմանում խաղի կանոնները՝ արհամարելով շրջապատում առկա կարծրատիպերը:

Մայիսի 1-3-ը Թբիլիսիում կայացած կարատե WSKU-ի աշխարհի առաջնության ժամանակ Ախալքալաքից Աքսաննա Ավետյանը դարձավ աշխարհի չեմպիոն Շոբու Իպոն Կումիտե մրցաձևում, մինուս 34 կգ քաշային կարգում, 10-11 տարեկանների միջև: Ինչպես նաև բրոնզե մեդալ վերցրեց КАТА մրցաձևում: Առաջնությանը մասնակցում էին շուրջ 50 երկրեներից մոտ 1900 մարզիկներ:

Առաջին հայացքից Աքսաննան իր ընկերակիցներից ոչնչով չի տարբերվում: Սովորականի նման նա ամեն օր դպրոց է հաճախում, խաղում ընկերների հետ, սակայն սրտի թրթիռով է սպասում շաբաթվա երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին: Շաբաթվա մեջ հենց երեք օր է նա հաճախում պարապունքների: Աքսաննան միակ աղջիկն է, ով Ախալքալաքում կարատեի է գնում: Երեք տարի առաջ, երբ Աքսաննան մոր և եղբոր հետ գնացել էր մարզիչ՝ Ռաֆայել Դարբինյանի մոտ, վերջինս նույնիսկ չէր էլ կարող ենթադրել Աքսաննաի այսօրվա հաջողությունների մասին:

Աքսաննա Ավետյանի ընտանիքը երեք տարի առաջ Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղից տեղափոխվում և բնակություն է հաստատում Ախալքալաքում: Այդ օրվանից Աքսաննան կարատեի ոչ մի պարապունք բաց չի թողել:
2
Մոր խոսքերով փոքրուց աչքի է ընկել իր ճարպկությամբ ու նպատակասլացությամբ: «Շատ աշխույժ երեխա է: Փոքրուց պատերի վրայով էր քայլում կապիկի ճարպկությամբ, երբ ցանկություն հայտնեց կարատեի գնալ մենք դեմ չեղանք, դա իր ընտրությունն էր: 3 տարի է անցել, բայց մի օր չի տրտնջացել, որ հոգնում է կամ նեղվում տղաների շրջապատում»:

Հարցին թե ինչ առաջադիմությամբ է դպրոցում սովորում, 11-ամյա կարատեի աշխարհի չեմպիոնուհին համեստորեն պատասխանեց՝ լավ: Իսկ հայրն ավելացրեց. «Ընդամենը մի առարկայից 8 ունի: Կարատեն չի խանգարում դպրոցին»: Աքսաննան սովորում է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցի 5-րդ դասարանում: Մայիսի 4-ին, երբ ամբողջ դպրոցը՝ տնօրինությունից մինչև աշակերտները շնորհավորում ու նկարվում էին աշխարհի չեմպիոնի հետ, Աքսաննան մտածում էր վայրկյան առաջ պարապունքի գնալ:
6
«Ես երազում էի աշխարհի չեմպիոն դառնայի և հայտնի մարզիչ: Առաջին երազանքս կատարվեց: Ես ոչ մի դեպքում չեմ թողնի կարատեն: Մաջադյա գյուղից մի աղջիկ կար կարատե էր պարապում իրենց գյուղում, բայց հիմա թողել է, քանի-որ ասել են՝ «մանչ ես, որ կարատե ես պարապում»: Ես իրենից նեղված եմ»,- պատմեց Աքսաննան:

Մարզուհին հատ-հատ հիշում է, թե որ մեդալը, երբ է ստացել: Պատից կախված մի խուրձ մեդալների մեջից նա առանձնացնում է երկուսը: Առաջինը դա՝ 2014-ի ապրիլի 25-ին, Տրապիզոնում կայացած կարատեի մրցումների ժամանակ նա մեծ դժվարությամբ, բայց կարողացել էր հաղթել ազգությամբ թուրք հակառակորդին: Աքսաննան ամաչկոտ հայացքով և հազիվ լսելի ձայնով ավելացրեց. «ահա մեդալներիս թագուհին», ցուցադրելով աշխարհի չեմպիոնական մեդալը:
7
Աքսաննան ազատ ժամանակ սիրում է նկարել և զբաղվել ասեղնագործությամբ: Նա հաճախում է նաև ասեղնագործության և հուլունքի: Նրա ձեռքի աշխատանքներն այժմ Ապագայի տանը ցուցադրության են ներկայացված: Շրջապատը Աքսաննային փորձում է հետ պահել կարատեից, այն համարելով ավելի շատ տղաների սպորտ: Սակայն 11-ամյա աղջիկը հաստատակամ է, երազում է հայտնի մարզիչ դառնալ և հայրենի Ազավրեթ գյուղում զարգացնել կարատեն:

Մարզիչ՝ Ռաֆայել Դարբինյանի խոսքերով Աքսաննան ի սկզբանե աչքի է ընկել ուժեղ կամքով ու նպատակին հասնելու անկոտրում ձգտումով:

Աղունիկ Այվազյան