Ախալքալաքի բերդը տարիներ շարունակ կիսաքանդ վիճակում է գտնվում, սակայն մինչ հիմա բերդի նորոգման հարցը չէր քննարկվել։ Մասնագետները դեռ չեն եկել և չեն գնահատել բերդի վիճակը, սակայն Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունում բերդի նորոգման ծրագիր են մշակում:
Ախալքալաքի բերդ-ամրոցը պատկանում է Վրաստանի ազգային մշակութային ժառանգությանը։ Բերդը քաղաքի խորհրդանիշերից է։ Ախալքալաքի բնակիչները անհանգստանում են, որպեսզի բերդը վերջնական չփլուզվի։
Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալությունից մեզ ասացին, որ տեղյակ են բերդի վիճակի մասին և պատրաստվում են նախագիծ ներկայացնել նորոգման համար։
«Մենք այս հարցը ներկայացրել ենք Շրջանային զարգացման հիմնադրամին։ Մի անգամ չէ, որ փորձել ենք իրականացնել բերդի վերանորոգում, աշխատում ենք այն ուղղությամբ, որ բերդի վերանորոգման աշխատանքները ինչքան հնարավոր է շուտ սկսենք։ Այս պահին չեմ կարող ասել, երբ կսկսենք աշխատանքները, սակայն մենք դոնորներ ենք փնտրում, որպեսզի լիարժեք կատարենք բերդի նորոգումը», – ասաց Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն։
Ըստ Նիկոլոզ Անթիձեի ներկա դրությամբ բերդի ամբողջական փլուզման վտանգ չկա։
«Ոչնչացման վտանգ չկա, այնուամենայնիվ մենք փորձում ենք, որպեսզի հնարավորինս շուտ սկսենք աշխատանքներն, իհարկե մենք թույլ չենք տա, որպեսզի այն ոչնչացման եզրին կանգնի», – հավելեց Նիկոլոզ Անթիձեն։
Բերդի նորոգման ժամանակ կիրականացվի ինչպես կոնսերվացիա, այնպես էլ ռեստավրացիա։ Մասնագետները բերդի տարածքում չեն աշխատել և չեն գնահատել բերդի վիճակը, նորոգման համար նույնիսկ վերջնական գումար չի հաստատված։
«Առաջինն ու ամենակարևորն այն է, որ նախագիծը ներկայացվի, քանի որ նախագծի հովանավորություն ձեռք բերելը հեշտ չէ, այդ իսկ պատճառով էլ դոնորների հետ բանակցություններ ենք վարում։ Երբ նախագիծը հովանավորվի, պարզ կլինի թե ինչ կարժենա ֆիզիկական աշխատանքները և ինչպիսի ավարտ կունենա», – ասաց Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը։
Տեղական ինքնակառավարման մարմիններն ունեն իրավունք ֆինանսներ հատկացնել բերդի աշխատանքների համար, սակայն այդ ամենը պետք է լինի Մշակութային ժառանգության ազգային գործակալության հետ համաձայնեցված։
«Եթե մունիցիպալիտետը ցանկություն կհայտնի համագործակցել մեր հետ, գործակալությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել, քանի որ դա մեր բոլորի և մեր երկրի հուշարձանն է, այդ իսկ պատճառով էլ շատ կարևոր է տեղական ինքնակառավարման ներգրավվածությունը այս հարցում», – ասաց Նիկոլոզ Անթիձեն։
Բերդ-ամրոցի մոտակայքում գտնվող տարածքները, ըստ Անթիձեի, գնել հնարավոր է, սակայն շինարարությունը արգելված է։ Յուրաքանչյուր քայլ պետք է համաձայնեցվի Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության հետ։ Եթե գործակալության հետ համաձայնեցված չէ, ապա տեղական կառավարությունը թույլտվություն չպետք է տա։
Գայանե Ակոջյան