Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղում համերաշխ ապրում են հայեր ու վրացիներ, նրանց խնդիրը նույնն է՝ ոչ ճանապարհ ունեն, ոչ գազ, ոչ ինտերնետ:
Ջավախքի անկյուններից մեկում, լեռների լանջին գտնվող գողտրիկ Հոկամ գյուղը կարծես թաքնված լինի։ Գյուղի ճանապարհները անմխիթար վիճակում են, իսկ ձմռանը գյուղացիները փայտով և աթարով են տաքանում գազ չունենալու պատճառով։
Գյուղում, որտեղ տարիներ շարունակ բնակվում են հայեր և վրացիներ, շատ խնդիրներ կան, սակայն բնակիչները հիմնական խնդիր են համարում գյուղի ճանապարհի նորոգումը և գազաֆիկացումը։
Հայ բնակիչները Գումբուրդո գյուղից են գնացել և բնակություն հաստատել 1947 թվականից, 30 տուն հայ են ապրում։ Գյուղի հայ բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, իսկ վրացիները հիմնականում գնում են Թուրքիա աշխատելու։
Լինելով տարբեր ազգի ներկայացուցիչներ նրանք ունեն նույն խնդիրները և ցանկանում են միահամուռ ձևով բարելավել իրենց փոքրիկ գյուղի վիճակը։
«Ախալքալաքի համարյա բոլոր գյուղերում գազ կա, իսկ մենք ապրելով 21-րդ դարում գազ չունենք, շատ ենք դիմել կառավարությանը, որպեսզի գազաֆիկացվի գյուղը, սակայն միշտ խոստանում են, բայց ոչինչ չեն անում։ Ընտրությունների ժամանակ գալիս խոստանում են, ձայները հավաքում և այնուհետև ո՛չ խոստացածներն են անում, ո՛չ էլ գալիս են», – ասացին հոկամցիները։
Գազաբաշխիչ SJGC ընկերության գլխավոր և գործադիր տնօրեն Ռազմիկ Ղումաշյանն ասաց, որ գազը Հոկամ և Քարսեպ hասցնելու համար գումար է պետք:
«Կետրոնական խողովակից գազը տներ հասցնելու համար անհրաժեշտ է 400 լարի, որը գյուղացիները պատրաստ են հատկացնել, սակայն հիմնական խնդիրը գազը մինչև գյուղ հասցնելն է, որի համար ընկերությունը ֆինանս չունի։ Օրինակ Փոկա գյուղը, որը նույնպես ծայրամաս է, գազը հասցվել է պետության կողմից, հետն էլ ծայրամասային գյուղ հասցնելը չի արդարացնում ծախսերը, քանի որ գազ քիչ են օգտագործում, իսկ մեզ երաշխիք է անհրաժեշտ», – բացատրեց նա։
Իրար հարևանությամբ գտնվող երեք գյուղ՝ Հոկամը, Քարսեպը և Գոգաշենը ունեն մի գյուղապետ՝ Սոսո Բալախաձեն։
«Երբ գնում ենք նրա մոտ և ներկայացնում մեր գյուղի խնդիրները, նա մեզ ասում է, որ ինքը ոչինչ չի կարող անել, բա գյուղապետը, որ չի կարող անել, ո՞վ պիտի անի», – ասացին գյուղի բնակիչները։
Իսկ գյուղ տանող ճանապարհը երբեք չի բարեկարգվել, խոստացել են, որ կնորոգեն։ «Մեծ հույս ունենք, որ այս տարի կկատարեն խոստումները, ասացին, որ մեր ճանապարհի նորոգման ծրագիրը ներառված է այս տարվա բյուջեյի մեջ», – նշեց բնակիչներից մեկը։
Շրջանային վարչության ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանն ասաց․ «Այս տարի կներկայացնենք ծրագիր, մյուս տարի կսկսենք նորոգումը։ Երեք տարի կտրվածքով պետական բյուջեի հետ համատեղ Հոկամ, Գոգաշեն, Քարսեպ, Ափնիա և Ազմանա կկատարվի ճանապարհների նորոգում։ Ծրագրով չորս գյուղի ճանապարհների նորոգումը ներկայացրել ենք 2019 թվականին, մինչև 2020 թվականը կնորոգվի»։
Երիտասարդները զբաղմունք չունեն, գարնանը գյուղատնտեսությամբ են զբաղվում, իսկ ձմռանը օրերն անցկացնում են գյուղի կենտրոնում հավաքվելով և տարբեր թեմաների շուրջ խոսելով։ «Մենք աշխարհից կտրված ենք, ինտերնետ էլ չունենք, ոչ մեկ չի անհանգստանում մեր գյուղի համար», – ասացին գյուղի երիտասարդները։
Գյուղի բնակիչները հույսը չեն կորցնում, սպասումով են, ապրում, որ մի օր կա՛մ գազ կունենան, կա՛մ էլ ուղիղ ճանապարհով կքայլեն։
Գայանե Ակոջյան