«Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Նինոծմինդայի շրջանի 8 պաշտոնյաներ Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից ու զբաղեցրած պաշտոններից: «Մեղադրվողները» հերքում են, պահանջելով ապացույցներ:
«Ազատ Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ նշվում է նրանց անուն ազգանունները, դրանք են` Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան և Վաղինակ Ղազարյան: Այս ցանկից, 6 հոգի Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց մեկ այլ՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից: Եվ Արարատ Նանայանը, ով պարզապես տեղական իշխանության աշխատակից է:
«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը և Պետական անվտանգության ծառայությանը, խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ այդ մարդիկ խախտել են Վրաստանի Սահմանադրությունը: Այս մեղադրանքների հիմքում ընկած է այն, որ այդ անունները եղել են Հայաստանի ընտրացուցակներում:
«Մեղադրյալներից» մեկը՝ Նինոծմինդայի Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, այդ հայտարարությունները լուրջ չի ընդունում և հերքում է իր երկքաղաքացիության հնարավորությունը:
«Ես կոնկրետ գիտեմ, թե ովքեր են նրանք: Նրանք իրենց ենթադրությունների հիմք են վերցրել են Հայաստանի Հանրապետության ընտրացուցակը: Գուցե կա ցուցակների մեջ Կյուրեղյան Սմբատ, բայց ես չգիտեմ, թե ով է նա: Ավելին ասեմ, նույնիսկ կան մի քանի Սմբատ Կյուրեղյաններ: Բայց անձնագիր կա, ապացույց կա՞: Եվ սա առաջին անգամը չէ, ի սկզբանե ցուցակում կար երկու մարդու անուն, այժմ ընդդիմության պատգամավորի անունն էլ կա», – ասում է Սմբատ Կյուրեղյանը:
Սեդա Դարբինյանի անունը նույնպես «մեղադրյալների» ցուցակում է: Նա առաջին անգամն է ընտրվել Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի պատգամավոր:
«Ես ուսանող եմ եղել Երևանում: Թող նրանք ապացուցեն, եթե գիտեն, որ այդ Սեդա Դարբինյանը ես եմ: Թող անձնագրով ապացուցեն: Նրանք պարզապես չեն ուզում տեսնել ինձ այստեղ», – ասում է Սեդա Դարբինյանը:
Պետք է նշել, որ երկքաղաքացիություն ունեցող պատգամավորների մասին թեման սկսվեց նախընտրական շրջանում: Այս տարվա հոկտեմբերի 19-ին «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ախալքալաքում «Վրացական երազանք»-ի կողմից առաջադրվել են Հայաստանի քաղաքացիություն ունեցող երեք թեկնածուներ: Այն ժամանակ նույնպես կուսակցությունը դիմեց Արդարադատության նախարարություն, պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն մինչ օրս երկքաղաքացիության մեջ մեղադրվող մարդիկ աշխատում են Ախալքալաքի Սակրեբուլոյում:
Շուշան Շիրինյան