Խաղատներում ախալքալաքցիները գտնում են իրենց միակ ժամանցի տարբերակը, ինչը հաճախակի բերում է նրան, որ մի օրում պարտվում են ամբողջ տարվա վաստակած գումարը, կամ տներն ու ավտոմեքենաներն են հայտնվում գրավի տակ: Այս ամենը հոգեբանական և հասարակական առանձնահատկություններից է բխում:

Այստեղ բացակայում են դռներն ու պատուհանները: Գորգերը հմայում են ամենավառ գույներով: Այս հնարքներից օգտվում են խաղատների մեծամասնությունը: Դա շատ ազդում է մարդու հոգեբանության վրա, քանի որ այցելուները մոռանում են ժամանակի մասին, և որքան հնարավոր է, շատ են մնում խաղատանը:

Ախալքալաքում խաղացողները չեն սիրում խոսել իրենց մոլուցքի մասին: Շատերը ընդհանրապես չեն խոսում, իսկ խոսողներն էլ ասում են, որ խաղալով հաճախ ցրվում են, կտրվում շրջակա միջավայրից և այսպես ժամանակ անցկացնում․․․

Ախալքալաքի խաղատներից մեկի աշխատողը ասում է, որ շատ են լինում դեպքեր, երբ տուն, թանկարժեք զարդեր, կամ ավտոմեքենա են կրվում։

«Մի անգամ բախտը բերում է, կրում է, սկսում է հավասել ու խաղալ: Ամենաշատ ներկայիս խաղացողները արտագնա աշխատանքից վերադարձած անձիք են», – ասում է նա։

Այս հարցը Ախալքալաքում խնդրահարույց է: Շատ ընտանիքներում չգիտեն տղայի խաղամոլության մասին: Իսկ տեղեկությունը, որ խաղատուն են գնացել և պարտվել երկու կանայք, վերջերս Ախալքալաքում ցնցել էր հասարակական գիտակցությունը:

Ինչից է սկսվում մոլուցքը, փորձեցինք պարզել հոգեբան Վյաչեսլավ Շալգանովից։
«Պատճառը առաջին հերթին ինքնագնահատականն է: Ինչպես գերագնահատված, այս դեպքերում՝ ցուցադրելով իր առավելությունները, այնպես էլ պակաս գնահատված, այս դեպքում, փորձում է բարձրացնել իր շահումով: Չհիմնավորված բարձրացման դեպքում, երբ նա մտածում է. ես հաստատ բոլոր քայլերս հաշվառել եմ, հիմա ես կհաղթեմ, և նորից պարտություն։ Տանուլ տալով տեղի է ունենում ինքնագնահատականի ավերում և համապատասխանաբար ինքնակործանում», – բացատրում է հոգեբանը։

Հոգեբանները կարծում են, որ այնուամենայնիվ խաղամոլության մեջ կա ծնողների մեղքի բաժինը: Սկզբից գնում են համակարգիչը, դասերը սովորեցնելու փոխարեն, երեխաները մինչև 20 տարեկան սկսում են խաղալ տարբեր խաղեր, զարգացնում են ազարտ և ի վերջո խաղամոլություն: Եվ այն կարծիքը, որ մոլության դեպքում հնարավոր չէ վերջ դնել դրան, հոգեբանը պնդում է հակառակը:

«Այստեղ STOP միշտ էլ կարելի է ասել, նույնիսկ անկման եզրին։ Այս հարցում ծնողների մեղքը ակնհայտ է, բայց ամեն երեխա պատրաստ է ստանալ և գտնել կարիքները բավարարելու տարբեր ձևեր, արագ փողեր, հասանելիություն…», – ասում է Վյաչեսլավ Շալգանովը։

Հոգեբանական ազդեցությունը, իհարկե կարևոր է, սակայն Ախալքալաքի դեպքում խաղամոլությունը կրում է նաև հասարակական- մշակութային բնույթ: Տղամարդիկ այստեղ ամեն ինչ անում են փող վաստակելու համար: Գումար ունենալով և չունենալով զբաղմունք, մարդիկ հաճախ տրվում են խաղատների գրավչությանը: Ամեն ինչ սկսվում է ուղղակի ժամանցից և աճում է մինչև կախվածություն և այլ խնդիրներ:

Ժորա Կարապետյան