Ախալքալաքի Սակրեբուլոն (Շրջանային ժողովը) քննարկում է 2018 թվականի բյուջեն: Նախատեսվում է բազմաթիվ մանր ծրագրերի փոխարեն մի քանի մեծ նախագիծ ֆինանսավորել:
Շրջանային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում մեկնարկել են 2018թ.-ի տեղական բյուջեի նախագծի նախնական քննարկումները` ըստ առանձին ոլորտների: Քննարկումները կտևեն մինչև դեկտեմբերի կեսերը:
Առաջին քննարկումներն արդեն ավարտված են: Մշտական հանձնաժողովները կոնկրետ կետ առ կետ քննարկեցին Սակրեբուլոյին և Գամգեոբային հատկացվող ծախսերը:
«Կոնկրետ հնարավորինս մանրամասն քննարկել ենք Գամգեոբայի ու Սակրեբուլոյի ծախսերը, որովհետև այստեղ մանրամասն երևում է, որտեղ կարող ենք կրճատել կամ ավելացնել: Իսկ մնացած՝ կուլտուրա, մանկապարտեզ, սոցիալական ծառայություններ և այլն, դրանք ընդհանուր են, մանրամասն բացատրություն չունենք, կոնկրետ գումարը ինչի վրա է ծախսվելու: Հիմա մենք քննարկում ենք մի մեխանիզմ, որպեսզի կարողանանք ինչ-որ ստուգում անցկացնել, որպեսզի հասկանանք Շրջանային բյուջեից հատկացված գումարները նպատակային են ծախսվել, թե՝ ոչ», – ասաց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը:
Մշտական 5 հանձնաժողովի անդամները աշխատում են, որպեսզի հնարավորինս նվազեցնեն կոնկրետ Վարչության և Ժողովի վրա ծախսվող գումարները: Քննարկումների ժամանակ յուրաքանչյուր ծախս, երբ համոզիչ հիմնավորում չի ստանում, ենթարկվում է փոփոխության: Ֆինանսական կրճատումները դեռևս վերաբերվում են Ժողովի և Վարչության աշխատակիցների կապի միջոցների և տրանսպորտի համար հատկացվող ծախսերին:
«Մեզանից սկսեցինք կրճատել, որպեսզի օրինակ ծառայենք մյուսներին: Բենզինի ու կապի միջոցների համար տրվող ծախսերը կրճատեցինք, անիմաստ ծախսերից պետք է խուսափենք, միևնույն ժամանակ եթե հնարավոր է, մենք նույնպես ուզում ենք, որ աշխատավարձերը բարձրացնենք», – պարզաբանեց Ժողովի նախագահը:
Շրջանային Վարչության ֆինանսական ծառայության պետ Հովհաննես Կարապետյանի խոսքերով Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում ամենացածր աշխատավարձ ստանում են Ախալքալաքի շրջանի աշխատակիցները: Նշենք, որ տեղական բյուջեից աշխատավարձ ստացողների ընդհանուր տարեկան աշխատավարձային ֆոնդը չի կարող գերազանցել տեղական բյուջեի 15 տոկոսը:
Ըստ Ախալքալաքի Ժողովի նախագահի, իրենց ուշադրության կենտրոնում գյուղական ճանապարհներն ու խմելու ջուրն է:
«Ուզում ենք, որ մեծ գումարները չմանրացնենք և հիմնական ծախսերը ուղղենք ճանապարհների վրա: Եթե ճանապարհ լինի, ամեն ինչ կզարգանա, ամեն ինչ հենց ճանապարհի հետ է կապված: Մենք ուզում ենք, որ մեծ գործ արած լինենք, ոչ թե 100 հատ մանր-մունր, ավելի լավ է մեկ երկու հիմնական գործ անենք, քան 10 հատ անիմաստ: Շատ կարևոր է նաև գյուղերում խմելու ջուրը: Մեր քաղաքականությունն այսպիսինն է՝ առաջինը դա գյուղական ճանապարհներն ու խմելու ջուրն է», – նշեց Նաիրի Իրիցյանը:
Գերթե մեկ շաբաթ քննարկելուց հետո Ժողովը առաջին ուղղումներով ու փոփոխություններով արդեն ուղարկել է բյուջեի նախագիծը Վարչություն:
Ըստ նախնական տվյալների, 2018 թվականի Ախալքալաքի շրջանային բյուջեն առանձնապես չի տարբերվի 2017 թ.-ից: Այն մոտավոր 17-18 միլիոն լարիի սահմաններում է, որից գրեթե 5 միլիոնը բյուջեի մնացորդային գումարն է, որը նույնությամբ տեղափոխվում է հաջորդ տարի: Արձանագրենք, որ վերջին երեք տարում Ախալքալաքի շրջանի բյուջեի չծախսված գումարը շատ մեծ է, այն դեպքում՝ երբ գյուղերում մարդիկ դեռևս խմելու ջուր չունեն: Jnews-ը առանձին կանդրադառնա բյուջեի մնացորդային գումարին:
Աղունիկ Այվազյան