Բարալեթ գյուղի ճանապարհի ասֆալտապատումն արդեն ավարտված է, սակայն իրականացված աշխատանքների շուրջ անհամաձայնություն է առաջացել գյուղացիների և շինարարների միջև:
Բարալեթի բնակիչները բողոքում են, որ իրենց գյուղի ճանապարհի ասֆալտապատումն իրականացվել է մի շարք թերություններով: Ճանապարհը կառուցվել է առանց մայթերի, անցումների և ճանապարհային նշանների:
«Չեմ խոսում ասֆալտի որակի մասին, դա այլ խնդիր է: Բանն նրանում է, որ գլխավոր ճանապարհը գյուղամիջյան ճանապարհից շատ բարձր են կառուցել, մարդը մեքենայով չի կարող սեփական տուն գնալ, մեքենաները ջարդում են: Մի ամսից երեխաները դպրոց են գնալու, ի՞նչպես են ճանապարհը անցնելու, ոչ մի նշան չկա, մեքենան կարող է յուրաքանչյուր պահի բարձր արագությամբ անցնել: Աստված չանի, դժբախտ դեպք պատահի ո՞վ է պատասխան տալու», – բողոքեց գյուղացիներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Գյուղացիների դիրքորոշման վերաբերյալ փորձեցինք զրուցել գյուղի լիազորի հետ, ով հստակ նշեց այն պատճառները, որոնք գյուղացիների և շինարարների միջև առաջացած լարվածության պատճառ են հանդիսացել։
«Գյուղացիների հիմնական բողոքի պատճառը եղել է այն, որ մայթ չեն կառուցել և շրջանցումները շատ նեղ են, այս հարցերի վերաբերյալ եղավ վիճաբանություն, սակայն համաձայնության եկանք և ասացին, որ մեր պահանջները կկատարեն, սակայն դեռևս աշխատանքները չեն սկսել»,- մեզ հետ զրույցում ասաց Բարալեթ գյուղի լիազոր Պետրոս Մակարյանը։
Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղի 3 կիլոմետր 600 մետր երկարություն ունեցող ճանապարհի կառուցման համար հատկացվել է 1 մլն 300 հազար լարի 47/52 տոկոսային հարաբերությամբ՝ պետական և տեղական բյուջեից: Էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Ջավախք ավտոգզա» շինարարական ընկերությունը:
Գյուղի բնակիչների և շինարարների միջև առաջացած վեճի մասին պարզաբանում է Ախալքալաքի Շրջանային Վարչության ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի ղեկավար Ալբերտ Նահատակյանը:
«Մայթերի կառուցման համար նախատեսված ավազի մի մասը բնակիչները տարել իրենց բակերն են լցրել, իսկ որոշ հատվածներում էլ շինարարն է զլացել: Հիմա աշխատակիցները գնացել են այդ աշխատանքները կատարելու և ընթացքում ստացվել է այնպիսի իրավիճակ, որ միմյանց վիրավորել են։ Բնակիչների համար անընդունելի է, որ աշխատողները կատարում են այն ինչ նախագծով տրված է, օրինակ եկեղեցու բակի մի փոքր հատվածի ասֆալտապատումը: Պետք է նախօրոք ասեին, որ նախագծի մեջ ներառեինք։ Նախագծով նեղ փողոցները 20, իսկ լայները՝ 40 քառակուսի մետր է, իսկ բնակիչները ասում են, որ ճանապարհը նորոգելուց գոնե լայն սարքեին: Սա է հիմնական պատճառը»,- ասաց Ալբերտ Նահատակյանը։
Ջուլիետա Տոնականյան