Ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը, հինգերորդ դարից սկսած, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այս տարի այն համընկավ օգոստոսի 13-ին, և Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից 4-րդը նշվեց նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը մատուցեց Սուրբ պատարագ, որին ներկա էին ախալքալաքցիներ, մոտակա բնակավայրերի բնակիչներ, հյուրեր: Եկեղեցու հոգևոր երգչախմբի ուղեկցությամբ Հայր Բաբգէնը կատարեց Սուրբ արարողությունը, այնուհետև ներկաներին տեղեկացրեց տոնի խորհուրդը:
Ավանդության համաձայն՝ Սբ. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո: Շուրջ 12 տարի պահքով անդադար աղոթել է:
Վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ է գալիս Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղիության ավետիսն էր տվել նրան` այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը, ինչպես իր մորը խոստացել էր Հիսուսը:
Մարիամն այս բարի լուրը հայտնել է բոլոր քրիստոնյաներին՝ ասելով, որ իրեն թաղեն Գեթսեմանիի ձորակում: Եվ, որպեսզի վերջին անգամ Սբ. Հաղորդություն ընդունի, Հովհաննես առաքյալին պատվիրել է Սբ. Պատարագ մատուցել:
Խոսելով Աստվածամոր մասին՝ հոգևոր հայրը նշեց, որ Սուրբ Կույսը միակ կինն էր, ով ուներ Աստվածային շնորհ և մարդկությանը պարգևեց Փրկչին: Աստվածամայրը կանանց նաև իշխանություն տվեց:
Ավարտելով քարոզի խոսքը՝ Հայր Բաբգէնը աղոթքով դիմեց Աստվածամորը, որ նա խաղաղություն պարգևի աշխարհին, զորավիգ լինի հայ ժողովրդին, մեր մայրերին ու քույրերին, հայոց այգիներին ու արտերին բերք ու բարիք տա:
Աղոթքներից ու շարականներից հետո հոգևոր հայրը Սուրբ Խաչի նշանով օրհնեց խաղողը՝ տեղեկացնելով, որ խաղողը պտուղների թագավորն է, որից գինի են ստեղծում. Սուրբ հաղորդության ժամանակ այն խորհրդանշում է Քրիստոսի արյունը:
Մինչ քրիստոնեության ընդունումը, օգոստոսին մեր նախնիները տոնել են Նոր տարին՝ Նավասարդը՝ մեծարելով Անահիտ և Աստղիկ դիցուհիներին և հզոր Վահագնին: Այդ ժամանակ նույնպես հայ ժողովուրդը կատարում էր խաղողօրհնեքը, որով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։
Ի տարբերություն հեթանոսական ժամանակների, երբ տոնն ուղեկցվում էր նաև զոհաբերություններով, այժմ տոնը կատարվում է միայն խաղողօրհնեքով:
Ծիսական արարողություններից հետո ներկաները տուն տարան օրհնված խաղողը՝ հավատով, որ Աստվածամայը զորավիգ է լինելու իրենց:
Աղունիկ Այվազյան