Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղն առանձնանում է տարատեսակ ավանդական ուտեստների պահպանման, պատրաստման և սերնդեսերունդ փոխանցման առանձնահատկությամբ։

Ջավախքի այս կոլորիտային գյուղում, որտեղ բնակիչները հաստատվել են 1828 թվականին, մինչև այսօր այնպիսի ճաշատեսակներ են պատրաստում, որոնք բնակիչներին են փոխանցվել Էրզրումից գաղթած նախնիներից։ Դամալացիները տիրապետում են ջավախքցուն հարիր լիառատ հյուրասիրությանը և անծանոթներին հարազատի պես պատվելու ունակությանը։
kolaj
Դամալայում գրեթե բոլոր տների բակերը զարդարված են խաղողի վազերով ու տարբեր ծաղիկներով։ Վեներա տատիկը, ով մեզ առաջին անգամ էր տեսնում, փորձեց ծանոթացնել տեղական խոհանոցի ճաշատեսակներին, որոնք պատրաստելու համար նա մի ամբողջ օր անցկացրել էր գազօջախի դիմաց։ Բակում գտնվող գազօջախի վրա պատրաստվում էր կորկոտով ապուրը, որի բույրը տարածվել էր ամբողջ բակով մեկ։

Սըրըմդդում կոչվող ճաշատեսակը միայն Դամալայում կարելի է համտեսել։ Նախօրոք բարակ մասերի բաժանած և չորացրած դդումը պատրաստելուց հետո ուտում են սխտորով ու մածունով։

jash14

«Ես այս ճաշատեսակները սովորել եմ տատիկիցս։ Մեր նախնիները շատ ճաշատեսակներ էին պատրաստում, որոնք կարելի է ասել էրզրումյան ճաշատեսակներ են, քանի որ մենք եկել ենք Էրզրումից։ Ավանդական ճաշատեսակները մինչև այսօր պատրաստում ենք նույն բաղադրատոմսով և ոչ մի բան չենք փոփոխել, անգամ անուններն են նույնը մնացել։ Ավանդական ճաշատեսակներից ունենք կորկոտապուր, սըրըմդդումով ճաշ, կանաչ լոբիով բանջար, չարոխ լոբիով բանջար, ղախով (չրով) բանջար, որին խոշաղ ենք ասում», – մեզ հետ զրույցում պատմում է Դամալա գյուղի բնակիչ, 68-ամյա Վեներա Սահակյանը։

Ճաշերի անվանումները բավականին անսովոր են, սակայն դրանք ունեն իրենց բացատրությունները: Չարոխ լոբիով բանջարը չարոխ անվանումը ստացել է, որովհետև չորացրած լոբիով են պատրաստում, իսկ չորացրած լոբին համեմատում են չարոխների (տրեխների) հետ։ Տարատեսակ համերի միախառնումից կազմված խոհանոցում կարող ենք հանդիպել քաղցրի ու թթուի, աղիի ու կծուի գեղեցիկ համադրմանը։

jash5

Վեներա տատիկը մինչև 2007 թվականը աշխատել է գյուղխորհրդի գլխավոր հաշվապահ և աշխատանքին զուգահեռ մեծացրել է չորս երեխաներին։ Նրա դուստրը՝ Վարսենիկ Սահակյանը նույնպես տիրապետում է տեղական խոհանոցի նրբություններին, սակայն մայրիկի պատրաստածը ավելի բարձր է գնահատում։

jash15

Դամալայի ավանդական ճաշատեսակները միայն ու միայն տեղական բարիքներից են պատրաստում։

«Մեր ճաշատեսակներում միայն տնական ու սննդարար մթերք ենք օգտագործում։ Հիմնականում կորկոտ, լազութ (եգիպտացորեն), լոբի, կարտոֆիլ, շլոր (սալոր), դդում և միս ենք օգտագործում։ Մեր ձեռքերով ցանում, մշակում, վերջում էլ ավանդական ճաշեր ենք պատրաստում», – ասում է Վեներա տատիկը։
jash9

Ավանդական ընտանիքի տիրուհին արդեն 51 տարի է ինչ ամուսնացած է, և ամուսնու հետ ամուր կառչած ծննդավայրին աշխարհին ի ցույց են անում հայի տեսակի ու հայ ընտանիքի իրական կերպարը, այն ցուցադրելով ոչ միայն խոհանոցում, այլ նաև մարդկային հարաբերություններում։ Համեստորեն են ներկայացնում իրենց ընտանիքի ու գյուղի պատմությունը, որտեղ միշտ առկա է եղել պայքարը։ Պայքար հողի համար, պայքար կյանքի ու ապրուստի համար, իսկ այսօր արդեն այդ պայքարը գյուղը կանգուն պահելու համար է։

«Նախկինում Ախալքալաքում կարտոֆիլ չեն մշակել, Դամալա են եկել ցորենի հետ փոխանակել են, ասում էին գնանք Դամալա խաշած կարտոֆիլ ուտենք, ուրիշ ոչինչ պետք չէ մեզ։ Մեր պապերը որսորդ են եղել, եկել գյուղի տարածքը տեսել են, հավանել են և բնակություն հաստատել այստեղ։ Մասնագիտությամբ գյուղատնտես եմ, բայց տարբեր աշխատանքներ եմ կատարել՝ աշխատանքների հսկիչ եմ եղել, խանութում եմ աշխատել, 1976 թվականից էլ դպրոցում որպես մանկավարժ եմ աշխատել, իսկ այսօր վատառողջ լինելու պատճառով մեղվաբուծությամբ եմ զբաղվում»,- մեզ հետ զրույցում ասում է Վեներա տատիկի ամուսինը՝ Մելս Սահակյանը։

tun

Գյուղից հեռացանք տպավորված ու կրկին վերադառնալու, Դամալայի մյուս ավանդույթներին ծանոթանալու խոստմամբ ու ցանկությամբ։

Ջուլիետա Տոնականյան