Ըստ Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցման նախարար Ահմեդ Արսլանի հայտարարության, որը նա արել էր ապրիլի 10-ին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի հունիսին, սակայն Վրաստանում կասկածում են դրանում:
Տարածաշրջանային, միջպետական կարևորության նախագծի` Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարական աշխատանքները սկսվեցին 2007 թ.-ին, և երկաթուղու գործելու հնարավոր ժամկետները հետաձգվում են արդեն 5-րդ տարին: Թուրքիայի տարածքում նախագծի շրջանակներում կառուցվում է երկաթգիծ Ախալքալաքի երկաթուղային կայարանից մինչև Կարս քաղաքի երկաթուղային կայարան: Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 826 կիլոմետր: Իսկ միջանցքի առավելագույն անցումային հնարավորությունը գնահատվում է տարեկան 17 մլն տոննա բեռ, միջանցքի շահագործման սկզբնական փուլում, այս ցուցանիշը կլինի մեկ միլիոն ուղևորներ և 6,5 մլն տոննա բեռի մակարդակով:
Որքանով են թուրքական կողմից հայտարարված նախագծի շահագործման հանձնման ժամկետները իրական, մենք փորձեցինք պարզել տեղում` երկաթգծի Ախալքալաքի մասի շինարարներից: Այստեղ այսօրվա դրությամբ իրականացվում են որոշակի աշխատանքներ, սակայն եղանակային պայմաններից ելնելով դրանք ծավալուն չեն: Մեզ հետ զրույցում աշխատողներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, ասաց.
«Ոչ մի խնդիր չկա: Ամեն ինչ նորմալ է, աշխատում ենք: Աշխատողներ կան շատ տեղերում: Մի խումբը հիմա գտնվում է Նինոծմինդայի կողմում, անցկացնում են էլեկտրականություն, մյուս խումբը` եռակցման աշխատանքներ է իրականացնում: Հայտարարության առիթով, ոչինչ չեմ կարող ասել, բայց իմ կարծիքով, պետք է մեկ տարուց ավելին, որպեսզի երկաթգիծը լիովին գործի»:
Այն ինչի մասին խոսում են աշխատողները, ակնհայտ է, երբ քայլում ես երկաթգծի երկայնքով: Եթե մինչ Նինոծմինդա երկաթուղու համար անհրաժեշտ էլեկտրափոխանակման համակարգը անցկացվել է, տեղադրվել են էլեկտրասյուները, իսկ աշխատողները անցկացնում են մալուխը, ապա Ախալքալաքի կողմում չկան ոչ սյուներ, ոչ մալուխ: Ախալքալաքում դեռ չի ավարտվել նաև եվրոպական չափանիշի (1435 մմ) երկաթուղային գծից խորհրդայինի (1520մմ) անցման հարթակի շինարարությունը: Անցկացված չեն նաև հաղորդակցության համակարգի, կոյուղու և ջրահեռացման գծերը:
Այն մասին, թե որքանով իրական է, որ հունիսին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի, մենք որոշեցինք պարզել նաև ՍՊԸ «Մարաբդա-Կարծախ երկաթգծից»: Այդ հիմնարկության մամլո ծառայությունում մեզ ասացին, որ իրենք չեն կարող նշել երկաթգծի բացման ճշգրիտ ամսաթիվը: Ինչպես նաև մեզ ուղարկեցին կազմակերպության տնօրեն Օլեգ Բիչիաշվիլիի հարցազրույցը, տրված «Վեստնիկ Կովկասա»-ին այս տարվա մարտ ամսին, ասելով, որ այդ ժամանակվանից ի վեր ոչ մի բան չի փոխվել, և որ մենք կարող ենք օգտվել այդ տեղեկատվությունից որպես այսօրվա լուր:
Օլեգ Բիչիաշվիլիի հարցազրույցը կայացել էր Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարության հետ կապված, ով ավելի վաղ հայտարարել էր, որ ԲԹԿ աշխատանքները կավարտվեն 2-3 ամսվա ընթացքում: Օլեգ Բիչիաշվիլին ասում է, որ մեծ ծավալի աշխատանքների պատճառով թուրքական կողմին դժվար կլինի ավարտել իրենց բաժին աշխատանքները վերոնշյալ ժամկետներում:
«Սակայն, եթե նրանք հասցնեն, մենք պատրաստ ենք: Կարծում եմ, պարոն Չավուշօղլուն նկատի ուներ ԲԹԿ-ի միայն թուրքական բաժինը: Շինարարության ավարտը, արդեն մի քանի անգամ հետաձգվել է: Նախատեսվում էր ավարտել աշխատանքը 2012 թ.-ին, սակայն չհասցրեցին: Այդ ժամանակից ի վեր թուրք գործընկերները ամեն տարի հետաձգում են նախագծի մեկնարկը: Օրինակ, շինարարական աշխատանքները տեղի են ունենում ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, որտեղ բնական պայմանները շատ խիստ են (հարցազրույց. «Վեստնիկ Կովկաս»-ի)», – ասում է Օլեգ Բիչիաշվիլին:
Ըստ Օլեգ Բիչիաշվիլիի, չնայած ծանր կլիմայական պայմաններին, Վրաստանն արդեն ավարտել է իր շինարարական աշխատանքների մասը, և ակնկալում է թուրքական կողմի ավարտը, որից հետո կսկսեն միասին աշխատել ենթակառուցվածքների վրա:
«Սկսել աշխատանքները միակողմանի կարգով մենք չենք կարող, քանի որ խոսքը գնում է շատ նուրբ և հստակ սարքավորումների մասին, որոնք ձմեռային պայմաններում կարող է վնասվել: Այդ իսկ պատճառով, սպասում ենք թուրք գործընկերներին, թե երբ կավարտեն նրանք իրենց աշխատանքի մասը: Մենք կարծում ենք, որ բացման արարողությունը պետք է լինի «տեղում», այսինքն այնտեղ որտեղ կգործի նոր մայրուղին՝ մեր կողմում: Հնարավոր է նաև Թուրքիայի հետ սահմանին, սակայն ինչպես հայտնի է այնտեղ կա հինգ կիլոմետրանոց թունել: Մենք գործընկերների հետ կընտրենք լավագույն տարբերակը (հարցազրույց. «Վեստնիկ Կովկասա»)», – ասում է նա:
Այնուամենայնիվ, երբ կգործի Բաքու-Թբիլիսի-Կարսը դեռ մնում է անհայտ:
Քրիստինե Մարաբյան
Աղունիկ Այվազյան