Մառուսյա Կրճացյանը 13 տարի է միայնակ է ապրում: Ոչ մենությունից է բողոքում, ոչ ապրելու պայմաններից, տարիների ընթացքում հարմարվել է իր ճակատագրին:

Մառուսյա տատը 80 տարեկան է, մոր մահվանից հետո մենակ է ապրում: Ի տարբերություն իր հասակակիցներից շատերի, նա այնքան արագ է տեղաշարժվում, որ մի պահ կասկածում ես, որ այդքան տարիք ունի: Կնոջ տարիքը մատնում են կնճիռները, որոնք խոսուն վկայությունն են նրա ապրած օրերի:

5

«Է՜ աղջիկ ջան, կյանքը հետաքրքիր բան է: Մեկին ամեն ինչ, մյուսին՝ ոչինչ: Հայրս ջահել տարիքում մահացել է, մայրս միայնակ մեծացրել է երկու աղջկա: Ես տեսել եմ մորս տանջանքը, մինչև հիմա աչքիս դեմն է», – տխուր և հազիվ լսելի ձայնով ասաց Մառուս տատիկը:

Հանկարծ նստած տեղից վեր ելավ, արագ այս ու այն կողմ արեց և սեղանը լի էր հրուշակեղենով: Ոչ-ոք, ով նրան այցի է գալիս, առանց հյուրասիրության չի հեռանում:

«Ինչքան կարող եմ, իմ հնարավորությունների սահմաններում հյուրասիրում եմ: Աղքատ սեղան է, բայց սրտով է: Հարևաններս մեծից փոքր մի լավ բան եփում են, անպայման բերում են ինձ: Նույնն էլ ես եմ անում», – նշեց 80 տարեկան կինը:

7

Մառուսյա Կրճացյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում: Հայրական տան՝ օդայի միակ սենյակի պատից խնամքով կախված նկարները ամբողջացնում են վերջինիս կյանքի պատմությունը: Հիշողությունները նրա մտքերում են ու լուսանկարներում, անցած կյանքի մասին պատմում է ոգևորված, կարոտած, սակայն ծերունական աչքերի տխրությունը փարատվում է, երբ հայացքն ուղղում է պատից կախված մոր նկարին:

«Ի՞նչ եմ անելու մեծ սենյակը: Մի ոտքս այստեղ է, մյուսն այն աշխարհում: Աստծուց միայն մի բան եմ խնդրում, ոտքի վրա մահանամ, մարդկանց նեղություն չտամ»:

Մառուս տատի քույրը նույնպես միայնակ է ապրում: Երիտասարդ հասակում մահացել է նրա միակ որդին, հետո էլ ամուսինը: Մեր պնդմանը, որ միայնակ ապրելու փոխարեն քրոջը հետ մնա չհամաձայնվեց՝ «Հորս տան դուռը չեմ փակի»:

Մաքուր, կոկիկ հագնված այս կինը ոչնչից չի դժգոհում: Խնայողաբար է ծախսում կենսաթոշակը: Ձմռանը ավելի դժվար է լինում, քանի որ սենյակը տաքացնելու խնդիր ունի: Մառուսյա Կրճացյանը 216 լարի կենսաթոշակ և 60 լարի միայնակության նպաստ է ստանում: Մեր պնդմանը թե ինչով կարող են ցանկացողները օգտակար լինել, Մառուս տատը նշեց. «Մի փոքրիկ տելեվիզոր լինի, մեկ-մեկ կզբաղվեմ»:

Մեր հասարակությունում ձևավորված հայկական ավանդական կարծրատիպերը, որ երեխաները պետք է հետագայում պահեն ծնողներին, հաճախ չեն համապատասխանում իրականությանը: Եվ շատ ծնողների ակնկալիքները մնում են չիրականացված:

Մառուսյա Կրճատյանը չի ամուսնացել, որ կարողանա մորը պահի: «Ես որ ամուսնանայի, մորս ո՞վ էր նայելու, քույրս ամուսնացավ էլի մենակ մնաց»,- ասաց 80-ամյա տարեց կինը:

8

Աղունիկ Այվազյան