Արդեն որերորդ տարին է Ջավախքի դպրոցներում բոլոր առարկաների դասագրքերի, հատկապես մայրենի լեզվի և գրականության դասագրքերի հետ կապված խնդիրները ոչ մի լուծում չեն ստանում: Կրթության և գիտության նախարարությունում վստահեցնում են, որ իրենք աշխատում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ:
Երկար տարիներ Վրաստանը փորձում է լուծել դպրոցական դասագրքերի խնդիրը, որտեղ ապրում են ազգային փոքրամասնությունները: Մայրենի լեզվի և գրականության ձեռնարկները Ջավախքի դպրոցներում արդեն մաշված և հնացած են, իսկ նորերի ժամանումը Հայաստանից արդեն 3-րդ տարին է ինչ խնդրահարույց է դարձել:
«Մենք որոշել ենք այստեղ Վրաստանում ստեղծել լեզվի դասագրքեր Ադրբեջանի և Հայաստանի դասագրքերը ուղղված են իրենց երկրների քաղաքացիների կրթության համար: Մենք արդեն ունենք առաջինից մինչև վեցերորդ դասարանի չափանիշները: Այժմ մենք ստեղծում ենք ծրագիր այդ դասարանների համար: Այս տարի նախատեսվում է մշակել նաև հիմնական աստիճանի 7-9 դասարանների չափորոշիչներ: Ընդհանուր նպատակները բոլոր լեզուների համար նույնն և վրացերենի և ադրբեջաներենի և հայերենի համար: Ստանդարտները ստեղծված են, դրանք կան: Հենց հիմա մենք աշխատում ենք հայոց լեզվի ծրագրի վրա: Մենք ունենք ծագումով հայ աշխատակից, նա կարող է կարդալ հայերեն, և մենք ստեղծում ենք ծրագիրը մեր իսկ ուժերով, որովհետև անցյալ տարի ունեինք ծրագիր, սակայն այն չհաջողվեց, միջոցները չբավարարեցին: Իսկ հիմա փորձում ենք այնպես անել, որ դա չդադարեցվի: Մենք ուղարկել ենք առաջարկություն ԱԳՆ, որ նրանք ադրբեջանցի և հայ գործընկերների հետ զրույցների ժամանակ խնդրեն փորձագիտական աջակցություն գրականության և լեզվի դասագրքերի ստեղծման հարցում: Սկզբում կստեղծվի ծրագիր, իսկ հետո ծրագրի հիման վրա կստեղծվեն դասագրքեր», – ասաց Կրթության և գիտության նախարարության Ազգային Դեպարտամենտի ուսումնական պլանի էթնիկ փոքրամասնությունների լեզվային խմբերի համակարգող Դեսպինե Քոիավան:
Դասագրքերում կարելի է գտնել ոչ միայն բազմաթիվ քերականական, այլև իմաստային սխալներ: Սակայն, այդ հարցերը և չթարգմանված դասագրքերի խնդիրը ամենայն հավանականությամբ պետք է լուծվեն նոր դասագրքերի ստեղծմամբ:
«Այժմ նոր դասագրքեր կլինեն, այնպես որ լավ է շեշտադրում անել նոր գրքերի վրա: Ինչ վերաբերում է թարգմանության որակին, ես գիտեմ, մեզ ասել են որ թարգմանված է ինչ-որ բարբառով: Օգտագործված են բառեր որոնք, չեն օգտագործվում: Դասագրքերում կարող են լինել նաև տրամաբանական սխալներ, այդ իսկ պատճառով մենք հիմա պարզապես պետք է վերանայենք և հնարավոր է ապագայում գտնվեն այլ լուծումներ», – ասում է Դեսպինե Քոիավան:
Քրիստինե Մարաբյան