Ծեծկռտուք է տեղի ունեցել խորհրդարանի նախկին պատգամավորի տղայի՝ քաղաքապետի ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի և «Վրացական երազանքից» խորհրդարանի ներկայիս պատգամավորի եղբոր միջև: Այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվել, սակայն արդեն 4-րդ օրն է ՆԳՆ-ն չի ճշգրտում այս տեղեկատվությունը:
Ծեծկռտուքը պատգամավորների հարազատների միջև տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին: Մենք չենք հրապարակում կատարվածի մանրամասները, որովհետև չենք կարողացել ճշտել մեր իմացած տեղեկատվությունը, քանի որ երկու կողմերն էլ հրաժարվեցին մեկնաբանել և մանրամասնել, իսկ ՆԳՆ-ից արդեն չորրորդ օրն է մենք ստանում ենք պատասխան, որ այդ տեղեկատվությունը դեռևս ճշտվում է:
«Այս փուլում պարզվում են գործի մանրամասները, մենք չենք կարող սրանից ավելի տեղեկատվություն տալ», – ասում են ՆԳՆ մամուլի ծառայությունից: Այն հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործ է բացվել, ո՞ր հոդվածի հիման վրա, Ներքին գործերի նախարարությունից պատասխան նույնպես չկա:
Մեզ հաջողվեց պարզել, որ ծեծկռտուքն սկսվել է սովորական վիճաբանությունից: Դրանից հետո հիվանդանոց են տեղափոխել Հենզել Մկոյանի եղբորը՝ Մարտուն Մկոյանին և ևս մեկ այլ անձի: Մարտուն Մկոյանին հիվանդանոցում կար են դրել: Երկրորդը, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց, առանձնապես չի տուժել, նրա և Մարտուն Մկոյանի բարձր ճնշումը նորմալացրել են:
Մարտուն Մկոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքը տեղեկատվություն չի տա մեր կայքին:
Գևորգ Պետրոսյանի հեռախոսահամարին պատասխանեց նրա հայրը՝ Սամվել Պետրոսյանը, ով տեղյակ չէր կռվի մասին: Ասելով, որ իր որդին այժմ իրեն լավ չի զգում, և միևնույն ժամանակ որդուց ճշտեց, թե ինչ-որ մեկի հետ արդյո՞ք կռիվ է արել, և մեզ ասաց, որ եթե ինչ-որ բան եղել է, ապա պետք է ճշտենք ՆԳՆ-ից:
Գևորգ Պետրոսյանը քաղաքապետի ներկայացուցիչն է Ախալքալաքում: Նրա հայրը 2012-2016 թվականներին խորհրդարանում «Միացյալ ազգային շարժում»-ը ներկայացնող պատգամավոր էր: Այնուհետև, 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Պետրոսյանը (երկրորդ որդին) պետք է առաջադրվեր «Վրացական երազանքի» ցուցակներով, բայց չառաջադրվեց: Դրանից հետո Պետրոսյանը միացավ «Վրաստանի հայրենասերների դաշինքին»:
Հարկ է նշել, որ Մարտուն Մկոյանի նկատմամբ դատական գործ էր հարուցվել զանգվածային ծեծկռտուքի առնչությամբ, որը տեղի էր ունեցել 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո: 2018 թ.-ի հոկտեմբերի 30-ին Ախալքալաքում, միավորված ընդդիմության «Ուժը միասնության մեջ է»-ի շտաբի մոտ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների, կողմնակիցների և շտաբի ակտիվիստների միջև: Արդյունքում, ընդդիմության 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին:
Սկզբնապես Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հետաքննություն էր սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որոնք հետագայում վերաորակավորվել էին և շարունակվել համաձայն 126-րդ հոդվածի 1-ին մասով: Այս հոդվածով նախատեսված պատիժը ենթադրում է 120-ից մինչև 180 ժամ հանրօգուտ աշխատանք, տնային կալանք՝ 6 ամսից մինչև 1 տարի կամ ազատազրկում՝ մինչև մեկ տարի: Մարտուն Մկոյանը և այս գործով մնացած մեղադրյալները ազատության մեջ են գտնվում՝ գրավի դիմաց:
Հոկտեմբերի 4-ին Մարտուն Մկոյանի և Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքն Ախալքալաքում քննարկումների մեծ ալիք առաջացրեց, այս թեմայի շուրջ սկսեցին խոսել և քաղաքական երանգ տալ դրան, սակայն, որքանով էր դա քաղաքական բախում, միանշանակ անհնար է ասել: