Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արեց Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում, պաղեստինցիներին օգնելու համար, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ աջակցության մասին է խոսքը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք պետք է շատ ուժեղ լինենք, որպեսզի Իսրայելը չկարողանա անհեթեթ գործողություններ անել Պաղեստինում։ Ինչպես մտանք Ղարաբաղ, ինչպես մտանք Լիբիա, նույնը կարող ենք նրանց նկատմամբ անել», – Ռիզե քաղաքում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովում, հայտարարել է Թուրքիայի նախագահը։

«Չկա որևէ պատճառ, թե ինչու մենք չենք կարող դա անել։ Մենք պետք է այնքան ուժեղ լինենք, որպեսզի կարողանանք այդ քայլերը ձեռնարկել», – հեռուստաուղերձում հավելել է Էրդողանը։

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց», – X-ի իր էջում, արձագանքելով Էրդողանի հայտարարությանը, գրել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը։