«Եվրոպացիների մեծ մասն ասում է, որ կոռուպցիան տարածված է իրենց երկրում»,- հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով «Եվրոբարոմետրի» սոցիոլոգիական տվյալները:
«Եվրոբարոմետրի» ուսումնասիրության համաձայն՝ եվրոպացիների 68%-ը նշել է, որ կոռուպցիան լայն տարածում ունի, ընդ որում ամենաբարձր տոկոսը Հունաստանի (98%), Պորտուգալիայի (96%), Մալթայի (95%) և Սլովենիայի (95%) բնակիչների շրջանում է:
Ամենացածր տոկոսները գրանցվել են Ֆինլանդիայում (18%), Դանիայում (26%) և Լյուքսեմբուրգում (43%)։
Եվրոպացիների մոտ մեկ քառորդը (27%) ասում է, որ իրենք անձամբ կոռուպցիայի են ենթարկվում առօրյա կյանքում, իսկ 75%-ը ասում է, որ բիզնեսն ու քաղաքականությունը չափազանց սերտորեն կապված են, ինչը պայմաններ է ստեղծում կոռուպցիայի բարգավաճման համար:
Հետազոտությունը հրապարակվել է Եվրահանձնաժողովի օրենքի գերակայության տարեկան զեկույցի հետ միասին, որը սահմանում է ԵՄ անդամ երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները:
Politico-ն գրում է, որ 2024 թվականի զեկույցը մտահոգություն է առաջացնում ԵՄ-ում «որոշակի քրեական արդարադատության բարեփոխումների» վերաբերյալ, որոնք «խաթարում են կոռուպցիայի դեմ պայքարը»։