Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել երեկ՝ հուլիսի 2-ին, Բոլնիսիի մունիցիպալիտետում Սու-25 ռազմական ինքնաթիռի կործանման մասին։

Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 401-րդ հոդվածով՝ ռազմական ինքնաթիռի թռիչքի ժամանակ անվտանգության կանոնները խախտելու փաստի առթիվ: Նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունն իրականացնում է ռազմական ոստիկանությունը՝ գլխավոր դատախազության հսկողությամբ։

«Պաշտպանության ուժերին պատկանող Սու-25 ինքնաթիռի աղետի վայրում ողջ գիշեր մի քանի հեկտար տարածքի վրա համապատասխան ծառայությունների կողմից իրականացվել են քննչական գործողություններ։ Վթարի վայրում են գտնվել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին և Պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։

Ողբերգական դեպքն ամբողջությամբ հետաքննելու նպատակով համապատասխան ծառայություններն իրականացնում են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Այս փուլում հայտնաբերվել են ինքնաթիռի մասերը և սև արկղը։ Մահացած օդաչուի մարմինը տեղափոխվել է դիահերձարան»,- նշված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ: