Հունիսի 12-ին՝ ժամը 15:00-ին, Ազգային ժողովի հարևանությամբ մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը երեկոյան վերածվեց Ոստիկանության հետ բախումների։ Գրում է Hetq.am-ը։

Խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն էր։ Հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց՝ չեն թողնելու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ԱԺ շենքից։

Այն պահին, երբ ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Գառնիկ Դանիելյանը փորձել են մուտք գործել խորհրդարանի շենք, սկսվել է հրմշտոց ԱԺ տանող ճանապարհը Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում փակած Ոստիկանության շարքերի և հանրահավաքի մասնակիցների միջև։ Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ՝ տասնյակ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Ոմանք տեղում են բուժօգնություն ստացել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։

«66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,- նշվում է ԱՆ հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում վրանային նստացույց էր սկսվել։